Մայիսի 26-ին «Պողոսյան պարտեզները» Սիրահարների այգում ներկայացրեց լիբանանցի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» եռամաս քանդակային կոմպոզիցիան: Կորտեն (կոռոզիադիմացկուն) պողպատե ծակոտկեն քանդակները պատրաստվել են հատուկ «Պողոսյան հիմնադրամի» հավաքածուի համար:
Ինչպես նշեց «Երեք փիղ» կոմպոզիցիայի հեղինակը, որը երկու անգամ եղել է Հայաստանում, կոմպոզիցիան խորհրդանշում է հիշողություններ, ընտանիք, ջերմություն:
Նա նշեց, որ ուրախ է իր կոմպոզիցիան հատկապես Սիրահարների այգում տեղադրվելու համար. «Հայաստանն ինձ համար հայտնություն էր, ես շատ սիրեցի այս վայրը»,-ասաց արվեստագետը:
Նադիմ Քարամը հավելեց, որ հայ ընկերներ ունի, քանի որ Լիբանանում հայկական մեծ համայնք կա. «Հայերի մեջ շատ կարեւոր եւ ազդեցիկ մարդիկ կան, որոնք աշխատում են կառավարությունում եւ այլ ոլորտներում: Ես շատ հպարտ եմ Լիբանանի հայկական համայնքով»:
Հավելենք, որ Նադիմ Քարամը ղեկավարում է «Ատելիե Հափսիթուս» փորձարարական արվեստանոցը: Նա իր ստեղծագործ թիմի հետ հավատացած է, որ քաղաքները կենդանի օրգանիզմներ են, ու արվեստը մշակութային կատալիզատորների միջոցով քաղաքային միջավայրին էներգիա ներարկելով` կարող է վեր հանել երազանքներ, արթնացնել հանրության հիշողությունները, հյուսել պատմություններ, ներկայացնել անհեթեթությունը կամ բորբոքել հարցադրումներ:
Նադիմ Քարամը ստեղծել է մոնումենտալ ինստալացիաներ աշխարհի տարբեր քաղաքներում, մասնակցել արվեստի միջազգային բիենալեների:
«Երեք փիղ» քանդակային կոմպոզիցիայի բացմանը ներկա էր նաեւ Պողոսյան հիմնադրամի ղեկավարներից Ժան Պողոսյանը: Պողոսյան հիմնադրամը 2000 թ.-ից հովանավորում է ՀՀ նախագահի մրցանակը, որը շնորհվում է արվեստի, մշակույթի եւ գիտության ոլորտի բացառիկ մասնագետներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ