Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հերքեց օրերս տարածված տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի իշխանություններն ասել են՝ «հիմա Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններ կազմակերպելու ժամանակը չէ»:
«Պոլսի կուսակալությունից երեք անգամ զանգել են տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին եւ խնդրել ժամ առաջ գալ Պոլիս: Թուրքական իշխանություններն անհամբեր սպասում են նրան եւ առավել քան կողմ են, որ ընտրությունները ժամ առաջ սկսվեն»,-վստահեցրեց Սարգիս Հացպանյանը:
Նրա տեղեկություններով՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպումը մոտ տասը օրից սկսվելու է, բուն ընտրությունները նախատեսվում են հոկտեմբերին, իսկ մինչ այդ թեկնածուները հանդիպումներ են ունենալու պոլսահայերի հետ:
Պատրիարքի թեկնածուներից Գարեգին արք. Բեկչյանն էլ, Հացպանյանի փոխանցմամբ, օրերս կվերադառնա Թուրքիա, նրան հանդիսավորությամբ կդիմավորեն, ինչից հետո նա պատրիարքարան մուտք կգործի որպես լիիրավ անձ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ