Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի պատասխանը՝ Ս. Հացպանյանին. «Եթե Վեհափառ Հայրապետն առաջնորդվեր «սրտացավ» քննադատություններով, ապա մեր ազգային-եկեղեցական կյանքում իսկապես որեւէ խնդիր չէր վճռվի»

Մայիս 26,2017 15:13

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ստորեւ ներկայացվող հոդվածով արձագանքում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի՝ օրերս կայացած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի հասցեին ուղղված մեղադրանքներին:

«Երբ դիտարկում էի լրատվական դաշտի վերջին շրջանի հրապարակումներն ու տեսանյութերը, նկատելի էր, որ իր «նախանձախնդրությամբ» ու արկածախնդրությամբ աչքի է ընկնում իրեն իբրև տարածաշրջանային հարցերով փորձագետ ներկայացնող Սարգիս Հացպանյանը, որն առիթը բաց չի թողնում տարբեր հարցերի առնչությամբ քարկոծելու Հայոց Եկեղեցին և եկեղեցականությանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երբեք դեմ չի եղել քննադատությանը, եթե վերջինս եղել է օբյեկտիվ և նպաստել է եկեղեցական կյանքում հաղթահարելու ինչ-ինչ անցանկալի իրավիճակներ կամ սրբագրելու տեղ գտնող խոտելի երևույթներ: Ընդհակառակը` Եկեղեցին ողջունում է այս կապակցությամբ սրտացավությունից և Եկեղեցին իբրև հաստատություն կատարյալ տեսնելու ցանկությունից մղված իր զավակների ջանքերը:

Սակայն Ս. Հացպանյանի վերջին մամլո ասուլիսը և դրան հետևած հրապարակումները, ինչպիսին էր օրինակ` «Առավոտ» օրաթերթում լույս տեսած «1999թ. Մայր Աթոռում ԱԱԾ-ականները զենքով սպառնացել են Մեսրոպ Մութաֆյանին. ներկայիս կաթողիկոսն արյունով օծված է». Հացպանյան» հոդվածը հուշեց, որ վերջինս, իր զազրախոսությունների մեջ անպատասխան մնալով, վնաս է հասցնում և այսուհետ չպետք է հանդուրժվի իր այսօրինակ անպատասխանատու ինքնագործունեությամբ:

Էժանագին միջոցների կիրառմամբ փորձել կարևորություն հաղորդել սեփական անձին և հեղինակություն ձեռք բերել, այնքան էլ բարոյական չէ: Բարոյական չէ նաև, հղումներ կատարելով մարդկանց, ովքեր, ցավոք, չեն կարող այլևս հաստատել կամ հերքել ասվածը, խեղաթյուրել փաստերը, վերագրումներ անել Ամենայն հայոց կաթողիկոսին, նրա հասցեին թույլ տալ հնչեցնել անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ:

Իր կատարած հաստատումները սոսկ բարբաջանք են. ավելի առարկայական լինելու համար նշեմ, որ օրինակ` հայտնի փաստ է, որ Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 1999 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ ոչ թե «հարկադրանքի» ներքո է հանել իր թեկնածությունը, այլ հանել է այն հօգուտ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի: Դա կարող են հաստատել նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ:

Իսկ ընթերցելիս հետևյալը թե` «Սարգիս Հացպանյանի համոզմամբ՝ մինչ օրս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարողացել ի օգուտ եկեղեցու որեւէ խնդիր լուծել, այդ թվում՝ Պոլսի պատրիարքության խնդիրը», պարզապես մտածեցի, որ նույն պատեհապաշտությամբ եթե Վեհափառ Հայրապետն առաջնորդվեր և ականջ դներ բոլոր նման «սրտացավ» քննադատություններին և հետևեր նման փորձագետների ցուցումներին և ուղղորդումներին, ապա իսկապես որևէ խնդիր մեր ազգային-եկեղեցական կյանքում չէր վճռվի: Բարեբախտաբար, փաստերը, Մայր Աթոռի և նրա կառույցների գործունեությունը նշվածի առնչությամբ ավելի խոսուն են և վկայում են հակառակը, քան հնչեցվող մեղադրանքները:

Պարզապես, ցավալի է, որ, ինչպես տեսանք Պոլսո Հայոց Պատրիարքության խնդրի հարցում, եկեղեցաշինության, հոգևոր կյանքի կանոնակարգման դժվարին ճանապարհին գտնվում են այսպիսի անձինք, ովքեր, ինչ-ինչ ուժերի տուրք տալով, շահարկումների և ստահոդ լուրերի ճանապարհով միմիայն վնասում են: Նրանք չեն անդրադառնում թերևս, որ հասու չեն տարվող շատ և շատ աշխատանքների, չեն տիրապետում բավարար տեղեկատվության, քան` Եկեղեցին, ի վերջո, չեն կարող խնդիրների լուծման հարցում ավելի ցավասիրտ և նախանձախնդիր լինել, քան Հայոց Հայրապետը և Առաքելական Եկեղեցին:

Դատապարտելի է որդեգրված այս գործելակերպը, ինչը, ցավոք, նաև ինքնարտահայտման համար գտնում է համապատասխան ամբիոններ: Ի՞նչ իրավունքով է որևէ մեկը, առավել ևս հայորդի անարգում հայրապետական օծումը: Դա ավելին է, քան սոսկ անձին վիրավորելը, հանդգնություն է, ոտնձգություն է Լուսավորչի Գահի, մի ամբողջ ինստիտուտի սրբության հանդեպ և հարված ազգի հենասյուն հանդիսացող հնամենի այս ողջ հոգևոր կառույցին:

Ազնիվ չէ նաև ամեն առիթով հեռվից քարեր նետել, սակայն երբեք չիջնել մարտի դաշտ և սեփական անձի ու մաշկի վրա կրել առաքելության պատասխանատվության ծանր լուծը: Անտարբերությամբ չպետք է մեղանչենք, և համոզումն ունեմ, որ, բավ է այլևս, պետք է սթափվել: Այսօրինակ պարագաներում նման անձինք պետք է հանրության առջև պատասխանատվություն կրեն:

Փառք Աստծո, ի տարբերություն Սարգիս Հացպանյանների, Հայ Եկեղեցու եկեղեցականության և ժողովական կառույցներում առկա է Եկեղեցու առաքելության հստակ գիտակցությունը և Տիրոջ պատգամներին հավատարիմ և ապահով վստահված հոտն առաջնորդելու կամքը»:

 

Վահրամ քահանա Մելիքյան

Հայ Եկեղեցու հոգևոր սպասավոր

26.05.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տէր Մարտիրոս Քհնյ Պէրպէրեան says:

    1999 թիւի Կաթողիկոսական ընտրութիւններուն, Ես պատգամաւոր էի Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմէն, եւ քաջատեղեակ եմ ինչ կատարուեց, Սարգիս Հացպանեանի տուած բացատրութիւնները ճնշումներու մասին կարող եմ հաստատել, Նոյն ճնշումները արեցին Այդ օրերու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Առաջնորդ Տիրան Արք Կիւրեղեանին, Սրբազանը կանչուած էր կարավարութեան շենք հանդիպելու այդ օրերու Վարչապետ Վազգէն Սարգիսեանի հետ, երկար ժողովէն ետք, Սրբազանը հանդիպում ունեցաւ մեզի հետ եւ զեկուցեց իր եւ վարչապետի հանդիպման մասին, ու բացատրեց իրողութիւնը, եւ այս կարեւոր խօսքը ըսաւ «Եթէ կուզեք Հայ Եկեղեցին քանդուի, ընտրեցեք գարեգին եպիսպոպոսին» ու ինքը ըսաւ ես չեմ մասնակցելու Հայ եկեղեցուոյ Քանդումին։ Այս խօսքերը ասեց որովհետեւ ինք շատ լաւ գիտեր թէ ով է եւ ինչ է ներկայացնում իրենից գարեգին եպիսկոպոսը։
    Անշուշտ բոլորդ գիտեք որ գարեգին բն կարգազրկեց Տիրան սրբազանին իր ապօրինի կաթողիկոս ընտրուելուց հետոյ։
    Այնպէս որ շատ խօսելու բաներ կան։ Ես պարզապէս պիտի առաջարկէի լռագրողներին կապնուել Տիրան Սրբազանի հետ եւ հարցազրոյց կազմակերպել, որպէսզի ճիշտ աղբիւրէն իմանան թէ, իսկապէս ինչ է կատարուել, եւ ինչպիսի ապօրինութիւներ ու ճնշումներ են գործադրուած գարեգին բի ընտրութիւնների ժամանակ։ Այն ալ ըսեմ որ Տիրան Սրբազանը այն հատուկ հոգեւորականերէն էր որ ճնշումներու չենթարկուեցաւ եւ մինչեւ վերջ պաշտպանեց Նէրսէս Արք Պօզապալեանի թեկնածութիւնը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031