Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին

Մայիս 26,2017 14:11

Նախաբան

Սույն զեկույցը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և հիմնված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտորդության, գործընկեր կազմակերպությունների զեկույցների և հայտարարությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների վրա: Այս ընտրություններն իրենց կարևորությամբ տարբերվում էին մինչ այդ անցկացված խորհրդարանական ընտրություններից, քանի որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությամբ[1] Հայաստանի կառավարման համակարգը անցում կատարեց նախագահականից դեպի խորհրդարանական: Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով[2]: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին հաջորդեցին Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները: Նոր ԸՕ-ով սահմանվեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, որը նախորդ բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ընդդիմության և քաղաքացիական հասարակության հիմնական պահանջներից էր: Ապահովվեցին նաև ընտրատեղամասերում քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և առցանց հեռարձակումը, ինչպես նաև ներդրվեցին ընտրողների նույնականացման տեխնիկական սարքավորումներ` կրկնակի քվեարկությունը բացառելու համար:

Թեև Սահմանադրությամբ և ԸՕ-ով սահմանված էր խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգ, յուրաքանչյուր կուսակցություն, բացի համապետական ցուցակից, ներկայացնում էր նաև տարածքային ընտրական ցուցակներ, ինչի պատճառով սուր մրցակցություն ծավալվեց ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև նույն կուսակցության կողմից տարածքային ընտրական ցուցակներում առաջադրված թեկնածուների միջև[3], որոշ դեպքերում վերածվելով վիճաբանությունների և բռնությունների: 2017 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին 9 քաղաքական ուժեր` 5 կուսակցություն (Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական կուսակցություններ) և 4 կուսակցությունների դաշինք («Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Նախընտրական քարոզարշավ

Նախընտրական քարոզարշավը հեռարձակվող լրատվամիջոցներում

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մշտադիտարկման արդյունքների` քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) քարոզարշավի բոլոր մասնակիցներին տրամադրել է համամասնորեն հավասար եթերաժամ իր լրատվական հաղորդումներում: «Արմենիա» հեռուստաընկերությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ գրեթե կրկնակի ավելի լրատվական լուսաբանում ՀՀԿ-ին և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին (19 և 21 տոկոս, համապատասխանաբար): «Կենտրոն» հեռուստաընկերությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ զգալիորեն ավելի լրատվական լուսաբանում (18 տոկոս) «Ծառուկյան» դաշինքին: «Շանթ» հեռուստաընկերությունը լրատվական լուսաբանման 20 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին, մինչդեռ մնացածներին հատկացրել է 7-12 տոկոս: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը տրամադրել է ՀՅԴ-ին իր լրատվական լուսաբանման 25 տոկոսը՝ մյուսներին թողնելով 6-13 տոկոս: Մշտադիտարկված բոլոր հեռուստաընկերությունների լրատվական լուսաբանման 98 տոկոսը չեզոք կամ դրական տոնայնությամբ էր: Այնուհանդերձ, մշտադիտարկման արդյունքները պաշտոնական քարոզարշավին նախորդող՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը ընկած ժամանակահատվածի համար ցույց են տալիս մշտադիտարկված հեռուստաընկերությունների հստակ կողմնակալությունը հօգուտ այդ հեռուստաընկերությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների[4]:

Վարչական և ֆինանսական ռեսուրսների կիրառում, չարաշահում

Նախընտրական շրջանում լրատվամիջոցների կողմից եղան բազմաթիվ հրապարակումներ քաղաքական ուժերի և առանձին թեկնածուների կողմից վարչական և ֆինանսական ռեսուրսների չարաշահման, ընտրողներին նյութական օժանդակություն ցույց տալու կամ նման օգնություն տրամադրելու խոստումների դեպքերի մասին: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից մարտի 31-ին հրապարակվեց նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույցը, որում նշվում են ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուների կողմից ընտրողներին մատուցված ծառայությունների և տրամադրված նյութական աջակցության  դեպքերի մասին հաղորդումներ[5]: Քարոզարշավի սկզբից բազմաթիվ հանրահավաքների ընթացքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացահայտ կերպով նյութական աջակցության խոստումներ է տվել տարբեր խնդրանքներով իրեն դիմող քաղաքացիներին։ ԿԸՀ-ն զգուշացրել է դաշինքին, հայտարարելով, որ դրամական և նյութական խոստումներ կատարելով` Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը, սակայն վարչական վարույթ չի հարուցվել[6]։

«Ժողովուրդ» թերթի հրապարակման համաձայն՝ զինված ուժերում այն զինծառայողներին, որոնց ծառայության վեց ամիսը լրացել էր և օրենքով նախատեսված իրենց արձակուրդից չէին օգտվել, ուղարկել են արձակուրդ՝ ապրիլի 2-ին զորամասում լինելու պայմանով[7]:

Ըստ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի՝ թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը (ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Արման Սահակյանի կինը) հրահանգել էր իր աշխատողներին, որ վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում[8]:

Մարտի 24-ին Sut.am կայքը հրապարակեց ձայնագրություններ, որոնք կատարվել էին 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ընթացքում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր կատարել էին վերոնշյալ հեռախոսազանգերը` ներկայանալով որպես ՀՀԿ անդամներ, հարցեր էին ուղղել տնօրեններին հավաքագրվող ցուցակների մասին: Ըստ ձայնագրությունների՝ նշված հաստատությունների տնօրենները կազմել են ցուցակներ (ցուցակներում հիմնականում ընդգրկվել են մանկապարտեզների սաների և դպրոցականների ծնողներ), ցուցակները ներկայացրել մարզպետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ, ՀՀԿ կամ ՀՀԿ թեկնածուների շտաբներ՝ հայտնելով թեկնածուների անունները: Ցուցակներում ներառված անձանց թիվը կազմել է միջինը 240 մարդ` դպրոցների և 150 մարդ՝ մանկապարտեզների դեպքում` երբեմն հասնելով 1700-ի։ Գյումրի քաղաքի թիվ 37 դպրոցի տնօրենը անգամ հայտնել է, որ ընտրողների հետ  «աշխատում են արդեն մի ամիս, ամեն օր, ամենավերջի ձևով վախեցնելով»[9]։

Ի պատասխան, ՀՀԿ կենտրոնական շտաբը և կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեցին, որ եթե տնօրենները ներգրավված են եղել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների իրենց աշխատանքային ժամերից դուրս, ապա նրանց գործունեությունը օրենքին չի հակասում[10]: Ընտրություններից հետո նշված տնօրեններից 30-ը հայցադիմումներ ներկայացրեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել 60 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում[11], իսկ դատախազությունը հայտարարեց, որ նշված ձայնագրություններում բացակայում են հանցագործության հատկանիշները[12]:

Ապրիլի 13-ին  «Հայաստան 24» լրատվամիջոցը հրապարակեց «ՍԱՍ» գրուպ» ՍՊԸի աշխատակիցների ժողովի ընթացքում կատարված ձայնագրությունը: Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը պահանջում աշխատակիցներին ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում քվեարկել ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ ներգրավելով իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: Այն աշխատակիցները, ում  ցուցակներում քիչ թվով անձինք էին ներառված, արժանանում էին ամոթանքի, հեգնանքի, աշխատանքից հեռացվելու սպառնալիքների, իսկ մեծ թվով ցուցակներ ունեցողները՝ խրախուսանքների, նրանց խոստացվում էր աշխատավարձի և հաստիքի բարձրացում, ուղևորության փաթեթներ[13]: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ  մասով[14]:

Ըստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երկարաժամկետ դիտորդության արդյունքների` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցներից մեկն ազատվել է աշխատանքից`ՀՀԿ-ի օգտին 100 քաղաքացու անձնագրային տվյալներ չհավաքելու համար[15]:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրինական պատճառ չեն կարող համարվել, ի թիվս այլ հատկանիշների, աշխատողի համոզմունքները, տեսակետները, կուսակցություններին անդամակցելու հանգամանքը: Աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը սպառիչ կերպով ներկայացված են 36-րդ հոդվածով: Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածը արգելում է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքը, իսկ 37-րդ հոդվածով սահմանվում է, որ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ, ինչպես նաև արգելվում է աշխատանքային իրավունքների չարաշահումը:

Ընտրություններից հետո «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարեց, որ ուսումնասիրելով ընտրողների ստորագրված ցուցակները` բացահայտել է 106 հազար քաղաքացիների գրանցում անհայտ հասցեներում[16]: Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության պաշտոնական police.am կայքում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում տեղ գտած տվյալները` «Ելք» դաշինքի ներկայացուցիչները պարզել են, որ Երևան քաղաքի 616 հասցեում հաշվառված է ընդհանուր առմամբ 18 հազար 404 ընտրող[17]:

 Բռնություններ, ճնշումներ

2017 թ. Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվեց մարտի 5-ին և աչքի ընկավ  լարվածությամբ: Քաղաքական դրդապատճառներով բռնությունների և ճնշումների դեպքեր գրանցվեցին ոչ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլև նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Մինչև նախընտրական քարոզչության սկիզբը և դրա ընթացքում լրատվամիջոցների կողմից տարածվեցին բազմաթիվ տեղեկություններ քարոզչության անհավասար պայմանների, ընդդիմադիր ուժերին ընտրական շտաբների տարածքներ չտրամադրելու կամ վարձակալված տարածքների սեփականատերերի վրա ճնշում գործադրելու միջոցով տարածքների հատկացումները մերժելու մասին[18]:  Բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակումներ տարածեցին ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների և կուսակցությունների կամ  դաշինքների համակիրների միջև տեղի ունեցած վիճաբանությունների, ծեծկռտուքների, դանակահարության դեպքերի մասին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում[19]: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. առաջին եռամսյակային զեկույցի տվյալներով` նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 և ճնշումների 18 դեպքեր[20]:

Մարտի 12-ին և 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում բախումներ տեղի ունեցան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամների և ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ: ՀՀ քննչական կոմիտեն հաստատեց այն փաստը, որ մարտի 12-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Լեռնիկ Երանոսյանը հրազեն է կիրառել[21]: Ըստ «ՕՐՕ» դաշինքի՝ մարտի 12-ին Ջրառատ գյուղում իրենց կազմակերպած հանրահավաքի ժամանակ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը հայհոյել է հավաքի մասնակիցներին և պահանջել հեռանալ հանրահավաքից, վիճաբանություն  է տեղի  ունեցել «ՕՐՕ» դաշինքի համակիրների և իր միջև: Նույն օրը ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը «ՕՐՕ» դաշինքի համակիրների տանը ատրճանակով սպառնացել է դաշինքի անդամներին, օդ կրակել, սակայն վերջիններս, խլելով ատրճանակը, ծեծի են ենթարկել Երանոսյանին: Իսկ մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքնաձիգից արձակվեց 4 կրակոց: «ՕՐՕ» դաշինքը հայտնել է, որ ինքնաձիգով զինված է եղել ոստիկանության ծառայող Սերյոժա Գալստյանը՝ գյուղապետ Սամվել Գալստյանի եղբայրը: Միջադեպից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեցին «ՕՐՕ» դաշինքի 3 համակիր անձինք, որոնցից մեկն ստացել էր հրազենային վիրավորում[22]: Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը նույնպես ներկա է եղել միջադեպին[23]: Համաձայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած զեկույցի՝ Լեռնիկ և Լևոն Երանոսյանները բնակվում են Ջրառատ գյուղում և ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի քեռիներն են[24]: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, ձերբակալվել է Ջրառատ գյուղի բնակիչ Տիգրան Սարգսյանը, որին ներկայացվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Մարտի 22-ին Վրաստանից Հայաստան ապօրինաբար «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակներում ձերբակալվեց, ապա կալանավորվեց Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի համակիր Սամվել Բաբայանը[25]: Սամվել Բաբայանը հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ կապ չունի զենքի տեղափոխման հետ և չի ճանաչում գործով ձերբակալված մյուս անձանց: Ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սամվել Բաբայանը շեշտել էր, որ շարունակելու է աջակցել «ՕՐՕ» դաշինքին, նաև սուր քննադատության էր ենթարկել իշխանություններին[26]: «ՕՐՕ» դաշինքի ղեկավարները Բաբայանի ձերբակալությունը գնահատեցին որպես իրենց դաշինքի նկատմամբ հետապնդում՝ Սամվել Բաբայանին քաղաքական բանտարկյալ համարելով [27]:

Քվեարկություն

2017թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել ԿԸՀ-ում հավատարմագրված 49 տեղական կազմակերպություններ: Հարկ է նշել, որ ի սկզբանե մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ ԿԸՀ-ում հավատարմագրվել են մեծ թվով տեղական կազմակերպություններ` ընդգրկելով 28 հազար դիտորդ:

Դիտորդական առաքելություն իրականացնող  կազմակերպությունների թվում են եղել նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (120 դիտորդ), որն իրականացրել է դիտորդություն  Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 52 տեղամասերում, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (շուրջ 3100 դիտորդ- «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն), ինչպես նաև «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը  (շուրջ 200 դիտորդ)` հիմնված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունների կողմից: Վերոնշյալ կազմակերպությունները ընտրությունների օրվա հետ կապված հանդես են եկել մամուլի ասուլիսներով, հայտարարություններով և զեկույցներով, արձանագրելով, որ Ազգային ժողովի ընտրություններն անցել են բազմաթիվ թերություններով և խախտումներով, ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների գործադրմամբ[28]:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտարկած տեղամասերում մի շարք տեղական կազմակերպություններ ներկայացնող դիտորդները հետապնդել են կուսակցական շահեր («Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ), ուղղորդել են ընտրողներին, օգնել քվեարկելու, փորձել են ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին, վերահսկել քվեարկության ընթացքը, զբաղվել են բանավոր քարոզչությամբ և այլն: Այդ կազմակերպություններն են` «Լիարժեք կյանք», «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Միացյալ առաջնորդների պալատ», «Եվրասիական ինտեգրացիա», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»:

 

  • Բազմաթիվ տեղամասեր մատչելի չեն եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, բացակայել են տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար նախատեսված հատուկ միջոցները, պատշաճ կահավորված չեն եղել քվեարկության սենյակները, ինչպես նաև գրեթե բոլոր տեղամասերում արձանագրվել են էլեկտրոնային գրանցման սարքերի խափանումներ:
  • Դիտարկված տեղամասերում ՏԸՀ ոչ բոլոր անդամներն են պատշաճ տիրապետել քվեարկության ընթացքի կարգին (օրինակ` քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընթացքում ընդմիջում անելը) կամ անտարբերություն դրսևորել քվեարկության ընթացքի կարգի նկատմամբ (օրինակ` վիճակահանությամբ սահմանված հանձնաժողովի անդամների հերթափոխի կարգի խախտումները):
  • Տեղամասային կենտրոններում ներկա գտնվող որոշ վստահված անձինք և տեղական դիտորդներ փորձել են կարգավորել քվեարկության ընթացքը և ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին: Նկատվել են դեպքեր, որ նշված անձինք միջամտել են ՏԸՀ անդամի գործունեությանը, փոխարինել են նրանց, մասնակցել ձայների հաշվարկին և այլն:
  • Որոշ ընտրատեղամասերում խոչընդոտվել է դիտորդական առաքելության իրականացումը: Սպառնացել և սահմանափակվել են դիտորդների իրավունքները:
  • Բազմաթիվ տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում (մինչև 50 մետր շառավղով) եղել են մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ: Հավաքված անձինք դիմավորել են քվեարկության եկող ընտրողներին, խմբերով կամ առանձին-առանձին ուղեկցել տեղամասային կենտրոններ: Նրանցից շատերը պարբերաբար հաղորդակցվել են տեղամասային կենտրոնում գտնվող ՀՀԿ կամ «Ծառուկյան» դաշինքի վստահված անձանց կամ տեղական մի շարք կազմակերպությունների դիտորդների հետ: Նշված տեղական կազմակերպությունների դիտորդները ներկայացրել են կուսակցական շահեր` որոշ դեպքերում բացահայտ խոստովանելով դրա մասին:
  • Քվեարկության եկող քաղաքացիները հաճախ իրականացրել են բաց քվեարկություն`բացահայտում էին իրենց կատարած ընտրությունը` քվեաթերթիկը ցուցադրաբար դնելով ծրարի մեջ քվեախցիկից դուրս կամ բարձրաձայն հայտարարելով կատարված ընտրության մասին:
  • Բազմաթիվ են եղել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներին նույն անձանց կողմից օգնելու, ինչպես նաև մի քանի անձի կողմից միաժամանակ քվեարկության խցիկ մուտք գործելու դեպքերը:
  • Արձանագրվել են կրկնակի քվեարկության փորձեր:
  • Բազմաթիվ ընտրատեղամասերում ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք իրականացրել են որևէ կուսակցության կամ կուսակցության դաշինքի, նրանց թեկնածուների շահերին ուղղորդված աշխատանքներ, քվեարկության վերահսկողություն և քվեարկության գաղտնիության բացահայտում:

  Ընտրությունների օրը արձանագրվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների դեպքեր: Ապրիլի 3-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, հայտնելով քվեարկության օրը լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների 2 և խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպքի մասին[29]:

Երևանի Կոնդ թաղամասում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել Araratnews.am լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը և Ազատություն ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը, վերջինս ընտրատեղամասի մոտ գտնվող ՀՀԿ շտաբում նկատել էր ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Շտաբում գտնվող անձինք հայտնել էին, որ աշխատավարձ են բաժանում: Շտաբի առջև հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել էին հեռանալ, դադարեցնել նկարահանումները[30]: Լրագրողները շարունակել էին նկարահանում կատարել, ինչից հետո բնակիչներից երկուսը սկսել են քաշքշել լրագրողներին, խլել նրանց նկարահանող սարքավորումները: Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ հատկանիշներով[31]:

Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը՝ մի քաղաքացի վիրավորել է լրագրողին և հարվածել տեսախցիկին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով[32]:

Ապրիլի 9-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների արդյունքները, որի համաձայն Աժ անցան 4 քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (49.08%), «Ծառուկյան» դաշինքը (27.32%), «Ելք» դաշինքը (7.78%) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (6.57%):

 

 

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակումից ի վեր ընտրություններն ընթացել են կոպիտ խախտումներով` սպառնալիքներ, լցոնումներ, քվեատուփերի առևանգումներ, քվեարկության արդյունքների արձանագրությունների փոփոխումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ահաբեկումներ ու բռնություններ, իսկ 2000-ական թվականներից լայն տարածում ստացավ նաև ընտրակաշառքը: Հերթական ընտրություններից հետո ստեղծվում էր այն տպավորությունը, որ իշխանությունները փորձ են անում հնարավորինս թափանցիկ դարձնել ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը: 2015 թ. կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով, որը նույնպես ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, Հայաստանում կառավարման նախագահական համակարգը փոխվեց խորհրդարանականի: 2017 թ. ԱԺ ընտրությունների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նախագահի ինստիտուտը չի ձևավորվելու համապետական ընտրությունների արդյունքում, և հետագա տարիներին պետական համակարգի ձևավորման մեջ առանցքային դեր ունենալու է Ազգային ժողովը: Թեև ընտրությունների քվեարկության փուլը և ձայների հաշվարկը անցան հիմնականում թափանցիկ՝ իշխանության վերարտադրումը երաշխավորվեց վարչական և ֆինանսական ռեսուրսների կիրառման օգնությամբ: Բացահայտնվեցին բազմաթիվ վարչական և ֆինանսական ռեսուրսների կիրառման և չարաշահման փաստեր, տեղի ունեցան բռնություններ որոնք, սակայն, որևէ պատշաճ իրավական հետևանք չունեցան:

         Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցել են բազմաթիվ թերություններով և խախտումներով, ընտրողների կամարտահայտման վրա ճնշումներ են գործադրվել և դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին:

[1] Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույց, https://armhels.com/publications/helsinkyan-komitei-zekuycy-sahmanadrakan-popokhutyunneri-veraberyal/

[2] Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 89, 3-րդ կետ):

[3]Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից (ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 77):

[4] Հայտարարություն խորհրդարանական ընտրությունների նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ, 2.04.2017:

[5] Նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույց, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, 31.03.2017, https://hcav.am/wp-content/uploads/2017/03/HCAV-Report-30-03-final-draft_RS-1-1.pdf

[6] «ԿԸՀ․ Ծառուկյանը խախտում է օրենքը», « Ազատություն» ռադիոկայան, 08․03․2017,  https://www.azatutyun.am/a/28358011.html

[7] «Զինծառայողներին ուղարկում են արձակուրդ պայմանով, որ ապրիլի 2-ին լինեն զորամասում», Lragir.am, 21.03.2017, https://www.lragir.am/index/arm/0/country/view/150006

[8] «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն», «Հայկական ժամանակ», 21.02.2017, https://www.armtimes.com/hy/article/105134

[9] «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություներ)» sut.am, 24.03.2017, https://sut.am/archives/803

[10] «Ընտրական օրենսգիրքը չի արգելում ներգրավված լինել քարոզչական աշխատանքներում աշխատանքային ժամից դուրս», «Արմենպրես», 24.03.2017, https://www.armenpress.am/arm/news/884022/yntrakan-orensgirqy-chi-argelum-nergravvats-linel-qarozchakan.html

«Ա. Աշոտյան. ՀՀԿ-ի դեմ միտումնավոր հակաքարոզչություն է իրականացվում», a1plusnews, 28.03.2017, https://www.youtube.com/watch?v=4osHx9w5iz0

[11] «ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենները 60 միլիոն են պահանջում. դատի են տվել Իոաննիսյանին», «Հայկական ժամանակ», 10․04․2017, https://armtimes.com/hy/article/109166

[12] « Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի արարքում «քրգործի հիմքեր չկան», «Ազատություն» ռադիոկայան, 17.04.2017, https://www.azatutyun.am/a/28434875.html

[13] «Նախընտրական ժողով «ՍԱՍ» գրուպում», Hayastan24.com, 13.03.2017, https://www.youtube.com/watch?v=lw82y1i_nNM

[14] Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը:

[15] Նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտարկման զեկույց, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, 31.03.2017, https://hcav.am/wp-content/uploads/2017/03/HCAV-Report-30-03-final-draft_RS-1-1.pdf

[16] «106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներո՞ւմ», «Հրապարակ», 12.04.2017, https://hraparak.am/?p=143404&l=am/hraparak+106+hazar+qaxaqaci+grancvac+e+anhayt+hascenero%D6%82m

[17] «Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող 621 հասցեում», «Հայկական ժամանակ», 05.05.2017, https://armtimes.com/hy/article/111225

[18]«Փակվել են Մասիսում ու Արտաշատում «Ելք» դաշինքի թեկնածուի բացած շտաբները»,  «Առավոտ», 08,03,2017,  https://www.aravot.am/2017/03/08/863315/

«Հրայր Անտոնյանը Արաբկիրի դպրոցների տնօրեններին հրահանգել է աշխատել ՍԱՍ-ի Արտակի օգտին», «Հայկական ժամանակ», 01.03.2017, https://armtimes.com/hy/article/106066

[19]«Մասիսում բախվել են ՀՀԿ-ական երկու թեկնածուների կողմնակիցները», «Ազատություն» ռադիոկայան, 24.02.2017, https://www.azatutyun.am/a/28330622.html

«Պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները ծեծկռտուք են կազմակերպել», «Երկիր մեդիա», 26.02.2017,  https://yerkirmedia.am/1political/bazmaser-araqelyan-ceckrtuq-dashnakcutyun/

«Արարատի մարզում ՀՀԿ-ականը 23-ամյա ԲՀԿ-ականի է դանակահարել», «Հայկական ժամանակ», 01.03.2017, https://www.armtimes.com/hy/article/106095

«Բախում Աշնակ գյուղում ՀՀԿ-ականների և ՀՅԴ-ականների միջև», «Առավոտ», 19.03.2017,  https://www.aravot.am/2017/03/19/867805/

[20] Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2017 թ. առաջին եռամսյակային (հունվար-մարտ) զեկույց, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, 25.04.2017, https://khosq.am/reports/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-10/

[21] Պարզվում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները, ՀՀ քննչական կոմիտե, 13.03.2017,  https://www.investigative.am/news/view/lernik-eranosyan.html

[22] «Ջրառատում տեղի ունեցածը բավականին խորը արմատներ ունի. մանրամասներ», «Ժողովուրդ», 15.03.2017,  https://armlur.am/666438/

[23] «Ջրառատ գյուղի միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Լևոն Երանոսյանը», Zham.am, տեսանյութ, 14.03.2017, https://www.youtube.com/watch?v=JdLPAByuRe0

[24] Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին, «Իրազեկ քաղաքացիների միավորում», 15.03.2017, https://uicarmenia.org/3090

[25]«Սամվել Բաբայանը կալանավորվեց երկու ամսով», «Ազատություն» ռադիոկայան, 24.03.2017, https://www.azatutyun.am/a/28389382.html

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,  https://www.sns.am/index.php/am/news/363-22032017

[26]«Լևոն Երանոսյանն անձամբ ներգրավված է Ջրառատի միջադեպում. Սամվել Բաբայան», «Ազատություն» ռադիոկայան, 15.03.2017,  https://www.azatutyun.am/a/28371063.html

[27] «Րաֆֆի Հովհաննիսյան. «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է», «Ազատություն» ռադիոկայան, 27.03.2017,  https://www.azatutyun.am/a/28392965.html

[28]Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը 2017 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, 07.05.2017,  https://armhels.com/publications/hayastani-helsinkyan-koitei-zekuycy-aj-yntrutyunner/

Տեղեկանք 02.04.2017թ. ԱԺ ընտրությունների ընթացքում և հետո «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրավաբանական խմբի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, 12.04.2017,  https://hcav.am/publications/12-04-2017-02/

«Քաղաքացի դիտորդը» բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ», «Քաղաքացի դիտորդ»,  https://citizenobserver.am/hy/news/view/sokz2017-04-14-13-18

[29] «Լրագրողներին խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» Ա1+, 03.04.2017թ., https://www.a1plus.am/1533663.html

[30] «Հանրապետականի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակիցը» Ազատություն Ռադիոկայան, 02.04.2017թ., https://www.youtube.com/watch?v=9i9lKI91CFE

[31]«Ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «araratnews.am» լրատվական կայքի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը» ՀՀ քննչական կոմիտե, 27.04.2017թ., https://www.ccc.am/hy/1428493746/3/5506

[32] «Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ» ՀՀ քննչական կոմիտե, 19.04.2017թ., https://www.ccc.am/hy/1428493746/3/5496

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031