Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակաբան Ասոյանը կոչ է անում սթափ լինել եւ Եվրոպայի կարմրուկը Հայաստան չբերել

Մայիս 26,2017 13:46

Հեպատիտ Ց-ի բուժման համար առողջապահության նախարարությունը (ԱՆ), պետպատվերի շրջանակներում թանկարժեք դեղեր կտրամադրի
մոտ 1000 հիվանդի: Այս մասին, այսօր, «Հայելի» ակումբում ասաց ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքով. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հեպատիտ Ց-ի բուժումը բավական լուրջ խնդիր է` դեղամիջոցները շատ թանկ են՝ հաճախ մի քանի հազար դոլարի հասնող: Հայաստանը չէր կարողանում այդ հիվանդությունը ներգրավել պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում: Այսօր դա հնարավոր է»:

Այս հիվանդությունն ունեցող մարդիկ բուժումը կսկսեն հունիսի 1-ից: Գլխավոր վարակաբանի տվյալներով, Հայաստանում հեպատիտ Ց-ով վարակվածների թիվը տատանվում է ազգաբնակչության միջինը 3-4 տոկոսի սահմաններում, Երեւանում կա 4-5 հազար հիվանդ:

Պարոն Ասոյանը ամառային սեզոնին ընդառաջ, հիշեցրեց աղիքային վարակների հիվանդությունների մասին, որոնք սակայն այս պահին առկա չեն:

Նա ասաց, որ վտանգավոր դրություն չկա նաեւ սուր-շնչական հիվանդությունների մասով:
«Ինչ վերաբերում է ջրծաղիկին, ապա վերջին 7-8 տարում մենք բավական բարձր հիվանդացություն ունենք: Այն փոխել է իր սեզոնայնությունը, անցել է բոլոր սեզոնների վրայով եւ ավելի ագրեսիվ դարձել»,- ասաց վարակաբանը` տեղեկացնելով, որ Եվրոպայում այս տարի գրանցվել է կարմրուկի մի քանի հարյուր դեպք, ինչն էլ պետք է սթափ պահի ազգաբնակչությանը՝ միգրացիոն հոսքերի արդյունքում հիվանդության հարուցիչը Հայաստան չբերելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031