Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին:
Երգչի ամենահայտնի երգերից 12-ի հիման վրա ստեղծված է բալետ, որի հիմքում երաժիշտի կերպարն է, կյանքն ու ստեղծագործական ուղին:
Ինչպես մայիսի 26-ին կայացած ասուլիսում նշեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «Դա կլինի հետաքրքիր նախագիծ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար, քանի որ Ազնավուրին սիրում են բոլորը: Այս ամենին էլ գումարվել է Ռուդոլֆ Խառատյանի տաղանդը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, «Լա Բոհեմ» բալետի սցենարի հեղինակ, բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն էլ հավելեց, որ բալետը կմտնի օպերային թատրոնի խաղացանկ: «Դեռ մանկուց բոլորս գիտենք Շառլ Ազնավուրին, նա այն երեւույթն է, որ ճեղքել է ժամանակը եւ դարձել հավերժություն իր արվեստով: Այդ արվեստը բաղկացած է Ազնավուրի ֆիզիկական կերպարից, իր յուրահատուկ ձայնից, երգերի փիլիսոփայական խոսքերից ու երաժշտությունից»:
Խորեոգրաֆը հավելեց, որ իր համար կարեւոր էր ստեղծել այնպիսի բալետ, որով առաջ տարվի նաեւ մեր բալետային դպրոցը: Նա ասաց, որ շատ նրբություններ համաձայնեցվել են շանսոնիեի հետ:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ