Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ մահափորձ է պլանավորվել Հայաստանում երկու հայտնի դեմքերի ուղղությամբ։ Խոսքը հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» մասին է։ Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե քիլլերների խումբը դիրքավորվել է Դոն Պիպոյի՝ Էջմիածնի տան հարեւանությամբ, որպեսզի իրականացնի իր պլանը, սակայն ձախողվել է, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդագրությամբ հանդես եկավ։
Քիլլերների խոստովանությամբ՝ իրենց պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն։ Վերջինս ակտիվություն սկսեց ցուցաբերել 2010 թվականից սկսած, երբ մահացավ «օրենքով գող» Արմեն Կանեւսկոն՝ Արտյոմի հարազատ եղբայրը։ Այդ օրից ի վեր «օրենքով գողի» «ժառանգությանը» տեր կանգնեց եղբայրը։
Հիշեցնենք, որ 2013 թվականից արդեն Արտյոմն իր զինված խմբերով օրը ցերեկով շրջում էր Երեւանում։ Նրա՝ քաղաքի լավագույն սրճարաններում հայտնվելու դեպքում, տարածքը անցնում էր զինված խմբերի հսկողության տակ։ Ի դեպ՝ 2013 թ. սկսած վերջինս ակտիվորեն ներգրավված է եղել ընտրական գործընթացներում՝ սպասարկելով առանձին իշխանական դեմքերի շահեր։ Այսինքն՝ եթե իքս տարածքում իշխանության ձայների համար պատասխանատու է նշանակված եղել իգրեկ անձնավորությունը, ապա Կանեւսկոն սպասարկել է իգրեկի շահերը։ Բնականաբար, տարրեր տարիների իգրեկները եղել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ ոչ թե, ասենք, շարքային պատգամավորներ կամ քաղաքապետ-մարզպետներ:
Արտյոմ Հարությունյանը վերջին տարիներին չի կարողանում մուտք գործել ՌԴ։ Խոսակցություններ կան, որ նրան վտանգ է սպառնում այդ տարածքում, եւ այդ երկիր մուտք գործելու հնարավորություն Արտյոմը չունի։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում