Մայիսի 15-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված էր ծննդավայր՝ Ստամբուլ։ Ընթերցողին ենք ներկայացնում Մաեստրոյի զրույցը «Իրատեսի» հետ։
– Այսօր ինչպե՞ս եք գնահատում մեր մշակույթի բնագավառը։ Մշակույթի նոր նախարարին ի՞նչ խորհուրդ կտաք, բարեփոխումը որտեղի՞ց սկսի։
– Մեր մշակույթը շատ է կաղում, այն բուժման կարիք ունի։ Նոր նախարարը անդրադառնում է բոլոր բնագավառներին, նրա հետ մեծ հույսեր եմ կապում, տեսնենք ի՞նչ և ինչպե՞ս կանի։
Մշակույթը մեծ դեր ունի ժողովրդի կյանքում, մարդկությանը կրթողը մշակույթն է։ Ես կուզեի, որ մեր ժողովուրդը լիներ քաղաքակիրթ, ինչպես մերձբալթյան երկրների ժողովուրդները են։ Նրանք փոքր հասակից երգում են, դա ոչ ոք նրանց չի պարտադրում, նրանց կենցաղն ու ապրելակերպն այդպիսին են, նրանցում երգի փառատոներն ընդունված ու սիրված են։ Երգն ու երաժշտությունը փոխում են մարդկանց վարքագիծը։ Կուզեի, որ մեր ժողովրդի մոտ էլ այդպես լիներ։ Բայց երբ կլինի, չգիտես։
Ես եղել եմ երգի տոների ժամանակ, անգամ ինձ բախտ է վիճակվել մեծ երգչախմբեր ղեկավարելու, նման փառատոներին մասնակցում էին տարբեր հանրապետությունների երգիչ-երաժիշտներ, հրապարակները լեփ-լեցուն էին, մարդիկ զբոսնում էին, լսում երաժշտություն։ Մի անգամ հրապարակում իմ կողքով քայլում էր հեղինակավոր բուհերից մեկի ռեկտորը, ակամայից մտածեցի՝ մեր համալսարանի ռեկտորը մի դիրիժորի հետ այսպես կքայլե՞ր մարդկանց մեջ։ Ես շատ՝ կուզեի, որ մեր ժողովրդի կենցաղավարության մեջ մտնեին այս հավասարությունն ու ապրելակերպը, բայց ե՞րբ կլինի, չգիտեմ։
Զրույցը՝ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում