Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ։ Հիմա հարց է ծագում՝ ի՞նչը պիտի փոխվի, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ սկսվի, ծնելիությունը բարձրանա, կյանքի տեւողությունն էլ մեծանա։ Քննարկենք կետ առ կետ։
1. Արտագաղթ։ Մարդիկ Հայաստանից արտագաղթել եւ արտագաղթում են, որովհետեւ աշխատանք չկա, աշխատավարձերը շատ ցածր են, կյանքը թանկ է, բիզնես ծավալելու հնարավորություն չկա, որովհետեւ վարկերի տոկոսներն ահավոր բարձր են, բիզնեսի շահութաբեր ոլորտները վաղուց մեջ-մեջ են արել օլիգարխները եւ ոչ մեկին մոտ չեն թողնում, ու այդ ամենին էլ գումարվում է պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքը։ Հիմա այս կետերից ո՞ր մեկի դեպքում է դրական տեղաշարժ նկատվում։ Աշխատատեղերն ավելանո՞ւմ են, թե պակասում։ Պակասում են (համատարած օպտիմալացում է)։ Աշխատավարձերն ավելանո՞ւմ են, թե պակասում։ Պակասում են (անգամ պաշտոնական տվյալներով)։ Կյանքը թանկանո՞ւմ է, թե էժանանում։ Վերջին չորս ամիսներին սննդամթերքը թանկացել է մոտ 6 տոկոսով։ Օլիգարխները հրաժարվե՞լ են իրենց մենաշնորհներից։ Ճիշտ հակառակը՝ ընտրություններում ՀՀԿ-ի համար ձայներ բերածները նորանոր ոլորտներ են նվաճում ու դուրս մղում «պատահական մարդկանց»։
Պատերազմի վերսկսման հավանականությանը վերջին տարիներին մեծացե՞լ է, թե փոքրացել։ Կտրուկ մեծացել է, եւ դա արձանագրում են անգամ միջազգային կառույցները։ Այսինքն՝ արտագաղթի բոլոր հիմնական պատճառները միայն ավելի են խորացել, հետեւաբար՝ արտագաղթի կասեցման որեւէ իրական նախադրյալ չկա։
2. Ծնելիության աճ։ Այս ցուցանիշը Հայաստանում ցածր է ոչ թե այն պատճառով, որ երիտասարդ ընտանիքները երեխա ունենալու ձեւը չգիտեն, այլ որովհետեւ երեխա պահելը չափազանց դժվար է, իսկ պետական աջակցություն համարյա չկա։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ոլորտում։ Այո, ինչ-որ փոփոխություններ եղել են, բայց՝ ոչ էական։
3. Կյանքի տեւողության երկարացում։ Գուցե աշխատավարձերը նվազում են, կյանքը թանկանում է, բայց մարդիկ սկսել են ավելի լա՞վ սնվել։ Կամ գուցե առողջապահության որա՞կն է կտրուկ բարձրացել, ու գներն էլ ավելի մատչելի՞ են դարձել։ Չկա այդպիսի բան, հետեւաբար՝ չկան նաեւ կյանքի միջին տեւողության բարձրացման նախադրյալներ։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում