Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա փաստաբանության դեմ պետական պատվեր չէ, այլ Արա Զոհրաբյանի իմպրովիզներն են». Տիգրան Աթանեսյան

Մայիս 26,2017 12:47

Փաստաբանները վստահեցնում են, որ ՀՀ փաստաբանների պալատը դարձել է մեկ անձի համար ոստան:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նրանք հավաստիացրին, թե հետապնդվում են այն փաստաբանները, որոնք կարծիք են հայտնում, որը տարբերվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հայտնածից, կամ քննադատում են նրան:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը որպես կառույցի հիմնական թերություն նշեց այն, որ պալատը չունի հակակշիռներ և դառնում է մեկ անձի համար ոստան. «Չունի որևէ մարմին, որը կարող է իրեն հակառակվել: Խորհուրդն էլ դա չի կարող անել: Այդ հիմնարկի ապագան չեմ տեսնում: Ով էլ լինի պալատի նախագահ, նույնն է լինելու, այսինքն՝ պարարտ հող է ստեղծված մի անձի սեփական բարդույթներն իրացնելու համար»: Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ խորհուրդը ցուցակով ընտրված գրպանային խորհուրդ է: Դառնալով իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուն՝ 150.000 դրամի չափով, պարոն Աթանեսյանն ասաց. «Զոհրաբյանը կարգադրել է, փորձում են ինձ պատժել իմ գործունեության և քննադատության համար: Այդ տխուր, հիվանդ կառույցի հետ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ այլ բառեր պետք չեն»:

Անդրադառնալով Փաստաբանների պալատի նախկին նախագահին՝ Ռուբեն Սահակյանին, պարոն Աթանեսյանն ասաց, որ ի տարբերություն Արա Զոհրաբյանի՝ պարոն Սահակյանը փաստաբան էր, ոչ թե միայն վճռաբեկ դատարանի պալատներ գիտեր գնալ. «Օգուտ չտար, վնաս բացառվում էր տալ: Մեզ օգուտ էլ պետք չէ, ուղղակի պետք է իմանալ, որ պալատը գոնե մի խոսքով մեր կողքին կլինի: Թեպետ Ռուբեն Սահակյանն էլ իր մեղավորությունն ունի, որ իր ողջ ռեսուրսն օգտագործեց, որ Արա Զոհրաբյանը դառնա նախագահ: Մի պալատ, որտեղ Արա Զոհրաբյանի ցուցակի վերջին համարը ստանում է 150 ձայնով ավելի, քան Ռուբեն Սահակյանը, դա նշանակում է, որ փաստաբաններն իրոք ունեն խնդիր»:

Որպես ստեղծված իրավիճակից ելք՝ պարոն Աթանեսյանը կարծում է, որ պետք է վերադառնալ 1998-ի օրենքին, համաձայն որի՝ 50 և ավելի փաստաբաններ կարող էին ստեղծել իրենց միությունը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ՝ պետք է պալատի կառավարման մոդելը փոխվի՝ նախագահն ու խորհուրդն իրարից տարանջատվեն, լինեն հակակշիռների մեխանիզմներ: Տարբերակ է նաև նոր պալատների ստեղծումը: Նա հստակեցրեց, թե իրենք՝ փաստաբանները, որևէ անձնական խնդիր փաստաբանների պալատի ղեկավարի հետ չունեն, պարզապես Արա Զոհրաբյանը տարիներ շարունակ ընտրել է իրեն քննադատող փաստաբաններին հետապնդելու տարբերակը. «Արա Զոհրաբյանն ու իր խոսնակն առաջինն իմ դեմ են հոդվածներ պատվիրել»:

Դառնալով Տիգրան Աթանեսյանի հետ կատարվածին՝ պարոն Վարոսյանը հավաստիացրեց, թե փաստաբանն այդ գործով կատարել է տիտանական աշխատանք, ու եթե այդ գործի համար են պատժում նրան, ուրեմն իրենցից յուրաքանչյուրին կորող են պատժել ցանկացած բանի համար:

Փաստաբան Հովհաննես Չամսարյանի պնդմամբ՝ փաստաբաններից շատերը ենթարկվում են հետապնդման միայն նրա համար, որ արտահայտում են կարծիք, որը տարբերվում է պալատի նախագահի կարծիքից: Ըստ նրա՝ Տիգրան Աթանեսյանի հարցով՝ խորհրդի կայացրած որոշումն ապօրինի է:

Փաստաբանները վիճարկում են նաև պալատի ղեկավարության այն հավաստիացումները, թե իրենք թափանցիկ են աշխատում և տեղեկացնում, որ տարիներ շարունակ չեն կարողանում կարգապահական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Դա պատճառաբանում են այն հանգամանքով, որ կան գործեր, որոնցով կարգապահական վարույթներ չեն հարուցվել և հակառակը, երբ ոչ մի բանի համար կարող են կարգապահական տույժի ենթարկել փաստաբանին:

Aravot.am-ի հարցին՝ իրականում խնդիրը միայն Արա Զոհրաբյանի անձի հե՞տ է կապված, թե՞ գոյություն ունեցող խնդիրները ինչ-որ առումով պարտադրվում են փաստաբաններին ավելի բարձր օղակներից, պարոն Վարոսյանը պատասխանեց. «Ժամանակի ընթացքում եկա այն եզրակացության, որ իրոք կարող է պատահել՝ գործ ունենք վերևից թելադրված գործողությունների հետ, քանի որ երբ խնդիրները մի պահ սրվում են, չգիտես ինչու Արա Զոհրաբյանը բոլոր հեռուստաընկերություններով հարցազրույցներ է տալիս, իսկ մենք գիտենք, թե ոնց են օրը չորս տեղ հեռուստաեթեր կանչում: Այդ ամենն է ստիպում գալ եզրակացության, որ փաստաբանությունը՝ որպես անկախ խոսող մի միավոր, փորձում են բնաջնջել»:

Տիգրան Աթանեսյանը չի կարծում, թե այդ ամենն արվում է ՀՀ նախագահի ձեռքով, քանի որ այդ դեպքում ամեն ինչ արդեն ավարտված կլիներ, և ՀՀ-ն դարձած կլիներ Ադրբեջանի նման մի երկիր, երբ փաստաբանները խոսքի իրավունք չունեն: Ըստ նրա՝ սա փաստաբանության դեմ պետական պատվեր չէ, այլ Արա Զոհրաբյանի իմպրովիզներն են:

Այն հարցին, թե արդյոք նման պառակտումներ մտցվում են Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Ռուբեն Սահակյանի կողմի՞ց, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ նա 80 տարեկան է, զբաղված է իր թոռնիկներով, ակտիվ փաստաբանությամբ չի զբաղվում և ահավոր վատ հոգեբանական վիճակում է, քանի որ հասկացել է՝ փաստաբանությունն իր ձեռամբ, իր կամքով ինչ օրն է գցել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031