Ուշագրավ էր, որ Սերժ Սարգսյանն առանց ձգձգելու, ինչպես ինքը նշեց՝ տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար, վարչապետի պաշտոնում անմիջապես վերանշանակեց Կարեն Կարապետյանին։ Սա նշանակում է, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են վարչապետի հետ դեռևս 2016-ի սեպտեմբերից սկսած, առայժմ պահպանվում են։ Մնացածը կախված է մյուս կողմի արդյունքներից։
Կառավարությունը բնույթով գուցե ժամանակավոր է, սակայն Կարեն Կարապետյանի համար այն չի կարող ժամանակավոր լինել։ Այս մեկ տարին նրա համար բավական լուրջ նշանակություն ունի, քանի որ 2018-ի ապրիլի շեմին, երբ նստեն որոշեն, թե ով է լինելու հանրապետության թիվ մեկ պաշտոնյան, առաջին հերթին դիտարկելու են կառավարության գործունեության արդյունքները։
Անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանն այս ընթացքում քաղաքական բնույթի ելույթներ ունենալու է, թե ոչ, կմասնակցի ներիշխանական ինտրիգներին, էլիտայի ծնունդ-կնունքներին, թե ոչ, եթե նա չկարողանա իր գլխավոր խնդիրը լուծել՝ բեկում մտցնել տնտեսության մեջ, ապա նրա հնարավորությունները զրոյական կդառնան։
Այդ պատճառով գործող վարչապետն այս պահի դրությամբ կարծես թե կենտրոնացել է ոչ թե քաղաքական գնահատականների կամ ելույթների, և առավել ևս այն բանի վրա, թե ինչ են նրա՝ որպես քաղաքական գործչի ընդունակությունների մասին խոսում քաղաքական և լրատվական դաշտում, այլ տնտեսական բարեփոխումների վրա՝ հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը և հնարավոր հաղթաթուղթը։
Այնպես որ՝ նշանակվելիք կառավարությունը նրա համար իր էությամբ ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական կառավարություն է։
Այնպես որ՝ բավական էքստրեմալ իրավիճակ է ստեղծվել գործող վարչապետի համար։ Նրա համար չի կարող լինել ժամանակավոր կաբինետ, կա իրավիճակային կառավարություն, որը պետք է լուծի կոնկրետ խնդիրներ մինչև 2018 թվականը։ Եվ եթե 2018-ին քաղաքական որոշում կայացվի, ու հաստատվի, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի
պաշտոնավարումը, ապա իրավիճակային կառավարությունը կվերածվի ստրատեգիական կառավարության։ Այնպես որ՝ վարչապետի համար ընտրությունները դեռ շարունակվում են։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում