Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում եղել են հակակոռուպցիոն խորհուրդներ, որոնք գլխավորել են վարչապետները։ Բայց այդ մարմիններն այդպես էլ չեն գործել. «Ժողովուրդ»

Մայիս 26,2017 12:07

Թեեւ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու պատրաստակամության մասին, սակայն իրական գործողությունների փոխարեն ընդամենը զբաղված են իմիտացիայով։ Այս առումով հերթական քայլը երեկ էր, երբ ՀՀ կառավարությունն իր նիստում հավանության արժանացրեց կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին ստեղծելու մասին օրինագծերի փաթեթը։

Փաստորեն, չբավարարվելով վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն խորհուրդների ստեղծմամբ՝ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են ձեւավորել եւս մեկ նոր մարմին, որն ունենալու է առանձին իրավական կարգավիճակ, գործելու է պետական մյուս մարմիններից առանձին, բայց, մեղմ ասած, անհասկանալի գործառույթներով։ Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծին ծանոթանալուց հետո, եւ այդժամ կարելի է պնդել, որ ստեղծվելիք մարմինը զբաղված է լինելու միայն շոուներով, ժամավաճառությամբ ու թուղթ մրոտելով։ Դատեք ինքներդ:

Կարճ ասած, 5 հոգուց կազմված այս հանձնաժողովն իրականում լինելու է ընդամենը խորհրդակցական մարմին, որը տարաբնույթ եզրակացություններ է տալու եւ ոլորտի վերաբերյալ ծրագրեր եւ իրավական ակտեր մշակելու։ Միայն թե, նկատենք՝ այս նույն գործառույթները կարող էր իրականացնել նաեւ կառավարությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը 2015թ. համալրվել էր նաեւ փորձագիտական հանձնախմբով։ Որոշակի գործառույթներ կարող էր իրականացնել նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Այնպես որ, այս նպատակով եւս մեկ պետական մարմնի ստեղծումը, մեղմ ասած, անհասկանալի է։ Առավել եւս, երբ այս հանձնաժողովին վերապահված չեն պարտադիր իրավական ուժ ունեցող իրավական ակտեր կայացնելու կամ պատժիչ գործողություններ իրականացնելու լիազորություններ։

Եվ հետո, չկա որեւէ երաշխիք, որ նոր ստեղծվելիք մարմինն արդյունավետ կաշխատի, ի վերջո, 2004թ. ի վեր կառավարությունում եղել են հակակոռուպցիոն խորհուրդներ, որոնք գլխավորել են վարչապետները։ Բայց այդ մարմիններն այդպես էլ չեն գործել, լավագույն դեպքում նրանք սկզբում նիստ են գումարել, կոռուպցիայի դեմ պայքարի հրամայականի մասին խոսել, ինչ-որ հայեցակարգեր մշակել ու վերջ։ Դրանից հետո այդ խորհուրդները պարզապես մատնվել են անգործության։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031