ՀՀ իշխանությունները մշտապես բարձրաձայնում են գյուղացիների հոգսերի մասին, կոչ անում, որպեսզի գյուղերի բնակիչները չանտեսեն իրենց հողերը եւ զարկ տան հողագործությանը։ Հատկապես վերջին կոչին անհաղորդ չեն մնում նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկները եւ հանրապետության տարբեր մարզերում հիմնում են ջերմոցներ՝ այդ կերպ խլելով շատ գյուղացիների ապրուստի միակ միջոցը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
– Շատ մեծահարուստ պաշտոնյաներ սկսել են զբաղվել նաեւ գյուղմթերքի արտադրությամբ։ Նրանք իրացնելու ժամանակ զանգում են սուպերմարկետներ ունեցող իրենց ընկերներին ու խնդրում վերցնել իրենց ապրանքը, իսկ գյուղացու բերքը մնում է եւ փչանում։ Սա խնդի՞ր չէ։
– Առաջինը՝ գյուղնախարարությունը չի որոշում շուկայում առեւտրային հարաբերությունները երկու տնտեսության միջեւ։ Երկրորդը՝ եթե չի բավարարում շուկան գյուղամթերքի ապրանքն իրացնելու համար, ուրեմն պետք է ստեղծել համապատասխան հարթակներ, որտեղ գյուղացին կգա, իր ապրանքը կիրացնի։ Իմ կարծիքով՝ այսօր կան այդ հարթակները, ուրիշ բան այդ հարթակներն արդյունավե՞տ են աշխատում, թե՞ ոչ։ Կան կենտրոններ, որոնք դատարկ են այսօր, դրանք չեն օգտագործվում։ Հիմա թե այստեղ ով ում հետ ոնց է պայմանավորվում, դա գյուղնախարարության մեղքը չէ իմ կարծիքով, դա արդեն հարց է, թե երկու սուբյեկտները միմյանց հետո ոնց կպայմանավորվեն։
– Բայց գյուղնախարարությունը գյուղացու կողքին պետք է կանգնի, չէ՞, այս դեպքում։
– Ի՞նչ անենք, գյուղացու ապրանքը վաճառե՞նք։
– Ինչու ոչ, պետք է օգնեք նման դեպքերում։ Միշտ հայտարարվում է, որ պետք է զարգացնենք գյուղատնտեսությունը, մարդկանց կոչ է արվում զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ի՞նչ պետք է անեք դուք։
– Գյուղնախարարությունը մշակում է ռազմավարություն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա։ Իսկ գյուղացու արտադրանքը պետք է վաճառի գյուղացին, ոչ թե գյուղնախարարությունը։ Կան բոլոր իրացման տեղերը, իրենք կարող են դիմել իրենց տարածքային կառավարման մարմիններին եւ հասկանալ, թե որտեղ կարող են իրացնել։ Մենք օգնող նախարարություն չենք, մենք ռազմավարություն մշակող նախարարություն ենք:
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում