Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆիի պայծառ մտքերը նո՞ր առաջ եկան»

Մայիս 26,2017 13:40

Արամ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի միավորման հայտարարության
եւ մեր 26-ամյա գործունեության ամենացավալի արդյունքի մասին

«Ժառանգությունը» գնալու է խոշորացման: Մեկ ամսից մեր համագումարին մենք մեկ կուսակցություն դառնալու առաջարկ ենք անելու մեր դաշինքի գործընկերներին, արտախորհրդարանական եւ խորհրդարանական որոշ ուժերին»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգությունը», հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններից առաջ, գրեթե վերջին պահին, դաշինք կազմեց «Համախմբում» կուսակցության եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա թիմակիցների հետ: Դաշինքը կոչվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: Այն խորհրդարանական ընտրություններում հավաքեց 2,7 տոկոս ձայն, թեեւ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի նման հավակնում էր «50+1»-ի: Ընտրությունների արդյունքների հետ ՕՐՕ-ն, իհարկե, չհամաձայնեց, բայց դրանց դեմ չընդվզեց էլ: Մինչ այդ, հիշեցնենք, Սեյրան Օհանյանը եւ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը դաշինքային բանակցությունների մեջ էին ՀԴԿ-ի եւ նախագահի նախկին խորհրդական Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած կուսակցությունների հետ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած միավորման առաջարկի մասին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց.

– Միավորվելու գաղափարը միշտ եղել է, դա նոր բան չէ, բայց օրինական հարց է առաջ գալիս` ո՞վ է ասողը: Եթե դրա կարիքն ինքը չէր զգում նախընտրական շրջանում, ապա հիմա՝ հետընտրական շրջանում, մեղմ ասած, մի քիչ զարմանալի է: Եթե պետք էր միավորել քաղաքական ուժերին եւ ձեւավորել ավելի մեծ եւ հզոր դաշինք, քան իրենց` այդ երեք անձերի դաշինքն էր, ապա ո՞վ էր այն ժամանակ իրեն խանգարում: Թե՞ իր պայծառ մտքերը նոր առաջ եկան: Ինչեւէ: Փորձ է, թող կատարեն: Եթե իրեն կվստահեն` այլ հարց: Բայց մինչ այդ թող իրենք երեքով համաձայնության գան, հետո` կտեսնենք:

– ՕՐՕ դաշինքի գործունեությունը եւ հետընտրական լռությունն արդյոք չէի՞ն գալիս ապացուցելու ընտրական շրջանում առկա խոսակցությունները, որ այդ դաշինքը վերահսկվող ընդդիմություն է եւ ընտրական գործընթացներում ապահովում է ընդդիմության մասնակցություն:

– Համենայնդեպս, պառակտման արդյունքում այդպիսի տպավորություն, իհարկե, եղավ: Որովհետեւ, եթե ամբիցիաներն իրենց չխեղդեին, հատկապես մեկ-երկուսին, այդ պարագայում կլինեին բոլորովին այլ ձեւաչափ, այլ մոտեցումներ եւ իրական այլընտրանքային ծրագիր, որը պետք էր ներկայացնել ժողովրդին: Եթե կարող եք ասել, որ իրենք այդպիսի այլընտրանքային ծրագիր են ներկայացրել, ես կզարմանամ: Չի եղել այդպիսի բան: Իսկ այլընտրանքայինը մեկն է` ձեւավորված համակարգի ամբողջական կազմաքանդումը եւ նորից ձեւավորումը: Դրա մասին ես ասում եմ տեւական ժամանակ:

Այս համակարգում հատվածական փոփոխություններ անելը եւս մի հանցավոր քայլ է: Խոսքը պետք է գնա ամբողջական համակարգի վերափոխման, նոր հասարակական հարաբերություններ ձեւավորելու մասին: Հակառակ պարագայում ոչ մի բան հնարավոր չի: Եվ ժողովուրդն էլ չհավատաց բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք մասնակցում էին ընտրություններին: Չհավատաց: Ես, իհարկե, գիտեմ, թե ինչ կառավարելի ընտրություններ անցան, եւ ինչի հաշվին այդքան ձայներ հավաքեց իշխանությունը: Համենայնդեպս, ժողովուրդն էլ է ճիշտ, երբ ասում է` իսկ դուք ինչո՞վ էիք տարբերվելու գործող իշխանությունից: Խոսում էին ինչ-որ համակարգային փոփոխությունների մասին, բայց ոչ ոք այդպես էլ չասաց` այդ համակարգն ինչո՞վ է պետք փոխարինել: Միակ կուսակցությունը, որը ասում էր, թե ինչո՞վ պետք է փոխարինել, մեր կուսակցությունն էր, որին ամեն գնով դուրս մղեցին այդ պայքարից:

– Համակարգային փոփոխությունների մասին հերթական անգամ խոսեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում ունեցած բավական ծավալուն ելույթում: Նախագահի խոսքերը Ձեզ արժանահավատ թվացի՞ն:

– Այն ամենը, ինչ որ Սերժ Սարգսյանն ասում է այսօր, հնարավորություն կար անելու իր պաշտոնավարման նախորդ տարիների ընթացքում: Ուստի ես կարծում եմ, որ այդ խոսքերն արժանահավատ կլինեին, եթե ճանապարհ բռնվեր ոչ թե քաղաքական կառավարման համակարգը փոխելու, այլ ամբողջական համակարգը փոխելու: Կառավարումը Հայաստանում խորհրդարանական կլինի, թե ոչ, դրանից չի կախված օլիգարխիկ կամ կոռուպցիոն համակարգի գոյություն-չգոյությունը: Դա կախված է նրանից, թե իշխանությունն ի՞նչ նպատակ է դրել եւ ի՞նչ քայլեր է իրականացնում ամեն օր: Իսկ այդ ամենը կարելի էր անել եւ տասը տարի առաջ, եւ հինգ տարի առաջ:

– Հայաստանում քաղաքական գործընթացները հետաքրքիր զարգացումներ կապրեն մեկ տարի հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը ավարտվի: Ի զորո՞ւ է ներկայիս քաղաքական դաշտը` եւ խորհրդարանը, եւ արտախորհրդարանական ուժերը, համարժեք արձագանքելու գործընթացներին:

– Եթե ես տեսնեմ խորհրդարանի աշխատանքի ոճի եւ բովանդակության որակական փոփոխություն, նոր կարելի կլինի դրա մասին խոսել: Բայց եթե խորհրդարանում հայտնվել են տասնյակ անձնավորություններ, որոնք բացարձակ կապ չունեն ոչ օրենսդիր աշխատանքի հետ, ոչ քաղաքական գործունեության հետ, այդ դեպքում նորից ստացվում է, որ լռակյաց մեծամասնությունը նորից ենթարկվելու է մեկ մարդու կամքին եւ որոշումներին: Այսօր խոսել որակի մասին` անհնար է: Ընտրությունների արդյունքը շատ կառավարելի էր, եւ մենք տեսանք, թե ինչի հաշվին այդքան ձայներ հավաքեցին անհայտ անձնավորությունները: Դա համակարգ փոխող չէ, համակարգ հաստատող է: Դրա համար ես կարծում եմ, որ ի զորու լինելը կախված չէ այսօրվա նրանց հոխորտանքից: Դա պետք է լինի իրենց էությունը: Իսկ այդ էությունը լրիվ այլ է: Մարդիկ փող են բաժանել` ձայն են գնել. հիմա դրա դիմաց իրենք ի՞նչ պետք է անեն:

– Իսկ արտախորհրդարանական քաղաքական դաշտը կարո՞ղ է արագ ինքնակազմակերպվել: Այդ ռեսուրսներն ու հնարավորությունները տեսնո՞ւմ եք:

– Ցավում եմ, բայց` ոչ: Տարբեր պատճառներով չեմ տեսնում այդ քայլն անելը, դա այլ խոսակցության թեմա է: Բայց եկեք պարզ խոսենք` հասարակական այդպիսի պահանջ էլ չկա: Հասարակության այն հատվածը, որ կարող էր միավորիչ դեր խաղալ եւ պարտադրել քաղաքական ուժերին այդ քայլն անել, նույնպես չկա: Սա 26 տարվա գործունեության ամենացավալի արդյունքն է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031