Տարածաշրջանում ուրվագծվող աշխարհաքաղաքական վերադասավորումների խորապատկերի վրա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ավելի ու ավելի մշուշապատ են դառնում։
Նման պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի շուրջ երկու երկրներում ծավալվող քննարկումները նույնպես «ընդհանուր հայտարարի» հանգելու փոխարեն ի հայտ են բերում նորանոր տարաձայնություններ։
Մեզանում ծավալվող քննարկումների ընդհանուր ուղղվածությունը միտված է հայ-թուրքական հակամարտության հետեւանքների հաղթահարման նպատակին, ինչը պահանջում է երկու ժողովուրդներին միմյանցից սահմանազատող Հայոց ցեղասպանության փաստի ամբողջական ճանաչումը միջազգային հանրության ու նաեւ հենց իր՝ Թուրքիայի կողմից։
Այս պատճառով Հայաստան-Թուրքիա միջպետական երկխոսության հեռանկարների մասին խոսակցությունները գնալով ավելի ու ավելի են տարբերվում երկու երկրների հասարակայնության տրամադրություններից։
Ճիշտ նույն հոգեբանական վիճակն է տիրում նաեւ Թուրքիայում, որտեղ ծավալվող քննարկումները հիմնականում միտված են ոչ թե հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ օտարման պատճառների հաղթահարմանը, այլ Հայոց ցեղասպանության փաստի անտեսմանն ու նրա հետեւանքով ձեւավորված իրողությունների ճանաչմանը Հայաստանի ու նաեւ միջազգային հանրության կողմից։
Երկու երկրներում նման անբարենպաստ հանրային կարծիքի գոյության պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը թվում է, թե կարող է լինել ավելի շատ արտաքին ուժերի ակտիվ միջամտության, քան երկկողմանի անկեղծության ավելացման հետեւանք։
Քանզի պետք է արձանագրել, որ հայերն ու թուրքերը դեռ չեն գտել ընդհանուր անցյալի համատեղ քննության «շփման կետերը»։
Սակայն այստեղ հարց է առաջանում. երբ երկու երկրների հանրային կարծիքը դեռեւս պատրաստ չէ անկեղծ խոսակցության, ապա որքանո՞վ կարող է արդյունավետ լինել արտաքին ուժերի միջամտությունը հայ-թուրքական երկխոսության գործընթացին։
Ավելին՝ որքանո՞վ են իրական նման միջամտության հնարավորությունները համաշխարհային եւ տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում, երբ յուրաքանչյուր տերություն սկսել է առաջին հերթին մտածել սեփական խնդիրների մասին։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում