Ընդամենը անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին կազմավորված կառավարությունը ցրվում ու նույն կազմով հավաքվում է ընդամենը 7-8 ամիս անց։ Եթե արտառոց բաներ չլինեն, այս կառավարությունը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցրվելու է 1 տարի անց։ Կարապետյանի կառավարությունը 7-8 ամսվա ընթացքում երկու ծրագիր պետք է ներկայացնի…։
Չնայած սրանք «արարողակարգային», կամ այսպես ասենք՝ ձեւական բնույթ են կրում, այդուհանդերձ գործող կառավարության «ճակատից» մի տեսակ չի իջնում «ժամանակավորի» կարգավիճակը։ Ու դա պայմանավորված չէ նոր Սահմանադրությամբ նախատեսված զարգացումներով։ Խնդիրը Կարապետյանի եւ նրա կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի մեջ է:
Կարեն Կարապետյանի կառավարության վիճակը արմատապես տարբերվում է նախորդ կառավարությունների կարգավիճակից։ Ինքը՝ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, ինքնուրույն խաղացող է։ Եթե պատկերավոր արտահայտվենք, ի տարբերություն իր նախորդների, նա իր ոչ բոլոր քայլերն է համաձայնեցնում Սերժ Սարգսյանի հետ։ Միաժամանակ նա շատ ավելի ոչ շահեկան վիճակում է իր նախորդների համեմատ զուտ տնտեսական իրավիճակի առումով։ Նրա կառավարությունն այլեւս չի կարող հույսը դնել վարկերի վրա, որովհետեւ Հայաստանը սպառել է նոր պարտքեր կուտակելու «լիմիտը»։
Գործնականում միակ հաղթաթուղթը, որ նա կարող է գործարկել, օտարերկրյա ներդրումներն են։ Եթե նրան հաջողվի ներգրավել մեծածավալ ներդրումներ, եւ միաժամանակ որոշակիորեն բարձրացնի կառավարման արդյունավետությունը, կրճատի բյուջեի անիմաստ ծախսերը, ապա նրա կառավարության «ճակատից» կմաքրվի ժամանակավորի կարգավիճակը։ Այդ դեպքում կտրուկ կմեծանա նրա ազդեցությունը ՀՀԿ-ում։
Հաշվի առնելով Կարապետյանի ունեցած որոշակի աջակցությունը ռուսական իշխանական օղակներից, նրան կհաջողվի ներկուսակցական իշխանափոխություն իրականացնել ՀՀԿ վերնախավում եւ «սեփականացնել» կուսակցության «բաժնետոմսերի հսկիչ փաթեթը»։ Սակայն դա նրան դեռ չի հաջողվում, գոնե առայժմ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում