Հայաստանի գյուղերի մեծ մասում կով, ոչխար ու ձի ունեցողները կենդանիներին կնքել են «Մերժվածը» ֆիլմի հերոսների անուններով։
Արմավիրի գյուղերից մեկում, օրինակ, ինչպես իրենք են ասում, անունները հենց այնպես չեն դրել, այլ՝ «բնավորության գծերի նմանությունը» հաշվի առնելով։
Կովերի մի մասի անունը Տապասիա է։ Ընդ որում՝ անասնատերերը Տապասիայի վրա շատ են բարկանում.
– Ոնց կինոյի մեջ ես անպետք, էնպես էլ էստեղ,- բարկանում է Սոնա
տատին։
– Ի՞նչ է արել, կով է, էլի, կովի չարությունը ո՞րն է։
– Խեղճ Չային նեղում ա, շատ աֆերիստ ա, խոտը թափում ա, բայց չի տալիս, որ Իչան ուտի։
Իչան էլ Տապասիայի կողքին կապված հորթն է։
– Տապասիա, արեւդ թաղեմ, ի՞նչ ես մտել ուրիշի բոստանը, էնի հելավ՝ քեզ
կմորթի։
Սա էլ մյուս գյուղացին է, որը փայտով շատ է հարվածում կովին, մանավանդ, իր ասելով, երբ նյարդայնանում է սերիալից։
Քանի որ գրեթե բոլոր տներում կով կա, ուրեմն բոլորն էլ ունեն Իչակի։
«Էյ, Քսմուկ,- ասում է պապին ու ճիպոտում,- սրա նման դանդալոշը չկա։ Էն անտեր կինոյի մեջ էլ բերանը ջուր առնում-կանգնում ա»։
Կովին Տապասիա անվանակոչածներից Նունիկն ունի ուշագրավ բացատրություն. «Ցլիկի մոտ չենք տարել, բայց հորթի ա սպասում։ Տապուի էրեխու հերն էլ չգիտեն ով ա, սրանն էլ։ Երեւի նախրի մեջ ա իրան տեսել։ Իրար շատ են նման էդ տեսակետից»։
Գյուղացի Սամվելը, որ յոթ կով ունի ու մեկ ցուլ, բոլոր իգական հերոսների անունով անվանակոչել է կովերին, ցլի անունն էլ դրել է Պուշկար։ Օրերս էլ ծնված նոր հորթին անվանակոչել է Դադաջի։
– Ինչո՞ւ եք Դադաջի դրել, դա, կարծեմ, անուն չէ, այլ՝ դիմելաձեւ։
– Դե, իրեն էլ ենք դիմում, էլի։
Ընդ որում, հաճախ խառնում են կովերին ու ցլիկներին եւ կովին անվանում են տղա հերոսի անունով։ Բաշ կովը, որ այգում արածելիս «մի երկու բերան» կանեփ էր կերել, անունը դրել էին «պլանքյաշ Վանշ»։
Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում