Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը». «Ժամանակ»

Մայիս 26,2017 10:44

Այսօր «Վերջին զանգի» միջոցառումն է Հայաստանի դպրոցներում: Հազարավոր պատանիների ու աղջիկների ուրախության, հույզերի ու սպասումների այս օրը դարձյալ մտորումների տեղիք է տալիս մեզ: Ու ոչ միայն հեռանկարի, ապագայի կտրվածքով, երբ անորոշ, մշուշոտ են մնում հասունության սահմանը հատած հազարավոր քաղաքացիների ուսման, աշխատանքի, հանրային կյանքին ինտեգրվելու հարցերը: Տոնական այս օրը մուտք չի գործելու Հայաստանի սահմանամերձ մեկ տասնյակից ավելի համայնքներ, «Վերջին զանգը» չի հնչելու Սյունիքի և Լոռվա մարզի մի շարք դպրոցներում: Լծեն, Չափնի, Թանահատ, Շրվենան, Ճակատեն, Տավրոս, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղերում արտագաղթն այլևս արտահայտվում է ոչ միայն վիճակագրությամբ, քանակական ծավալով, այլ նաև ողբերգությամբ` որակական բաղկացուցիչով. այս համայնքներում շրջանավարտներ չկան` կամ ավարտական դասարաններում աշակերտ չլինելու կսմ առհասարակ` դպրոցների փակման հետևանքով:

Ավելորդ է բացատրել, թե գյուղի համար ինչ է նշանակում դպրոցի չգոյությունը կամ դրա փակման հեռանկարը: Կրթական հաստատությունը գյուղի գոյության վերջին հույսն է, արտագաղթին հաղթելու վերջին մոտիվը, խավարի մեջ նշմարվող վերջին լույսը: Սյունիքի և Լոռվա մարզերի մի շարք համայնքներում այդ լույսը մարել է, որովհետև դպրոցներում «Վերջին զանգը» չի հնչելու, իսկ դա խորհրդանշում է հենց այդ գյուղերի «Վերջին զանգը»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը որ այդ գյուղերի մեծ մասը սահմանամերձ համայնքներ են, ապա երկրի անվտանգության սպառնալիքը ոչ թե վերացական, այլ միանգամայն իրական է դառնում:

Հայրենիքը սկսվում է սահմանից ու բոլորիս անվտանգությունը հարվածի տակ է, երբ Սյունիքի գյուղերը դատարկվում են: Ինչքան էլ ուժեղ լինի բանակը ու պաշտպանված սահմանը, այն դառնում է խոցելի, երբ թիկունքում չունի ապրող գյուղ, երդիկից բարձրացող ծուխ, աշխատող դպրոց, նորածնի ճիչ: Ու ճակատագրի հեգնանքով` Սյունիքի մարզում դպրոցներ են փակվում մի իշխանության օրոք, որի կառավարող կուսակցության գաղափարախոսությունը խարսխված է նժդեհականության վրա և պետության ու ՀՀԿ-ի դեմքերն ամեն օր մեջբերումներ են անում Գարեգին Նժդեհից` իրենց հետ կապ չունեցող անցյալի հերոսականության ստվերում քողարկելով սեփական կառավարման ապաշնորհությունն ու անտաղանդությունը, երկրում առկա կոռուպցիան և անարդարությունը:

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031