Որքան քիչ են մեր կյանքում հաջողությունները, հաղթանակներն ու երջանկության ճիչերը, մեր կեցության մեջ, մեր առօրյայում, այն կեցության, որը վերջին տարիներին խլել է մարդկանց ժպիտները, ապրելու կամքն ու հույսը, լինելու, հարատեւելու տենչանքը։ Իսկ Հենոն վերադարձրեց այլեւս հեռավոր թվացող այդ անուրջները՝ վերադարձրեց մեզ համար, բոլորիս փոխարեն։
Այո, այդպես լինում է, երբ մի ողջ ժողովրդի համար ուրախության միակ աղբյուրը հենց Հենրիխ Մխիթարյանն է, ով այդ ժողովրդի լավագույն զավակներից է՝ իր համեստությամբ, իր աշխատասիրությամբ, իր տրամախոհությամբ եւ լրջությամբ, հոգատարությամբ եւ ազատ հոգով։ Մի մարդ, ով ամենայն պատասխանատվությամբ քաջ գիտակցում է, թե Հայաստանում որքան մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ են հետեւում իր ամեն քայլին, իր վարքին, իր խոսքին, իր մարդասիրական վերաբերմունքին, քաջ գիտակցում է ու պատվով տանում օրհնյալ առաքելությունը։
Անհնար էր զսպել արցունքները, երբ Հենոն իր ուսերին գցեց եռագույնը, իր հայրենիքի սիմվոլը՝ ի նշան միաբանության, հպարտության, շնորհակալության, ջերմության, համերաշխության։ Ի երախտիք մեր անցած ճանապարհի, ի երախտիք հորը՝ Համլետ Մխիթարյանին, ի երախտիք մորը եւ աշխարհում ապրող հայությանը եւ, վերջապես, ի երախտիք այն բոլոր երկրպագուներին, ովքեր մինչեւ վերջ հավատացին։
Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում