Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող միլիոնավոր հայեր առանց տատանվելու կասեն՝ «ես հպարտ եմ, որ հայ եմ»: Եվ դա հրաշալի է՝ երբեք չի կարելի ուրանալ ազգությունը, այն պետք է լինի քո ներաշխարհի, քո մտածելակերպի անբաժանելի մասը: Բայց այստեղ՝ Հայաստանում բնակվող հազիվ 10 հազար մարդ սրտանց կասի՝ «ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»: Որովհետեւ երբ խոսակցությունը «ազգից», «ժողովրդից» շեղվում է դեպի պետություն, սկսվում են փնթփնթոցները, որոնք գուցեեւ արդար են, բայց պետության եւ նրա խորհրդանիշների հետ որեւէ կապ չունեն:
Արտասահմանում նույնպես, ի դեպ, նման մի բան է տեղի ունենում: Երբ ասում ես, որ դու հայ ես, այլազգիները, որպես կանոն, սկսում են քեզ հարգանքով նայել եւ հիշում են իրենց շրջապատում ապրող, իրենց ծանոթ եւ ընկեր հայերին, որոնք իրենց լավ են դրսեւորել: Բայց երբ ասում ես՝ «ես Հայաստանից եմ», դա հավելյալ բացատրությունների կարիք ունի` այնպես, ինչպես մենք բացատրում ենք փոքր կրպակի տեղը՝ կողմնորոշելով մեկ այլ, ավելի մեծ եւ հայտնի «օբյեկտով»: Օրինակ՝ այսինչ սուպերմարկետի դիմացը: Այդպես էլ մենք, Հայաստանի տեղը բացատրելով, նշում ենք բոլորին հայտնի «օբյեկտը»: «A-a, Russia, Putin», եւ դրանից հետո խոսակցությունը շարունակելու ցանկություն չկա: Համենայնդեպս, ինձ մոտ:
Բայց կան մեր մեջ մարդիկ, որոնք հայտնի են որպես հայեր, բայց անընդհատ հպարտությամբ շեշտում են, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խոսքը, ինչպես հասկանում եք, տվյալ դեպքում Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ինձ համար առավել տպավորիչը ոչ թե նրա խաղն է, ոչ թե նրա թիմի հաղթանակը, այլ այն, որ նա այդ հաղթանակը տոնում է Եռագույնը, այսինքն՝ Հայաստան պետության դրոշը ուսերին: Եվ այդ առումով նրա նշանակությունն ավելի մեծ է, քան մյուս աշխարհահռչակ հայերինը, որոնք այլ երկրների քաղաքացիներ են:
Իսկ մե՞նք` ՀՀ շարքային քաղաքացինե՞րս: Մենք գուցե այդքան հայտնի եւ տաղանդավոր չենք, բայց մենք էլ պետք է զգանք այդ դրոշը մեր ուսերին: Սկսած ամենապարզ կենցաղային իրավիճակներից, վերջացրած հասարակական խճճված հարաբերություններով, հիշենք, որ մենք պետության քաղաքացիներ ենք: Ամեն մեկս ներկայացնում ենք մեր պետությունը ոչ միայն արտասահմանում, այլեւ այստեղ՝ տրանսպորտում, փողոցում, աշխատավայրում, տանը: Դա նշանակում է ապրել ոչ թե որպես «լավ հայ», այլ որպես պետության քաղաքացի:
Ուղղակի ժամանակն է անցում կատարել ազգայինից դեպի պետականը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ես հպարտ եմ, որ հայ եմ
եւ հպարտ եմ Հայաստանով
սիրում եմ, խորապէս ու շատ եմ սիրում Հայաստանը,
– սկսեալ իր թերութիւններով –
Պետության քաղաքացին չի կարող դասվել ՀՀ շարքային, կամ ՀՀ չգիտեմ ինչպիսի:
Պետք է լինել եւ լավ մարդ, եւ լավ հայ, եւ լավ քաղաքացի, եւ լավ գյուղացի:
Պետականը առանց ազգայինի հանգեցնելու է պետության փլուզման:
Ցանկանու՞մ եք ապահովել ներգաղթ` փոխեք քաղաքացիություն ստանալու օրենքը:
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է Հայաստան Հանրապետության Նախագահի հրամանագրով:» Սա կոռուպցիոն ռիսկ է:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,…» Հանել «3 տարի» սահմանափակումը:
Շատ տեղին է արտայայտուած միտքը,
սակայն այդ ոստումը կատարելու համար / Ազգայինից պետական անցնելու/
Պետութիւնը պէտք է սկսի այլեւս իր բաժինը կատարելու,,,
Այսուհանդերձ մենք հայ ենք,հպարտ ենք մեր ինքնութեամբ,եթէ կրկին աշխարհ գայի պիտի ցանկայի ՀԱՅ ըլլալ ,Հայ մնալ ,քանի գիտեմ և կը սիրեմ հայուն ամէն ինչը, իր պակասութիւններով ,բայց անսահման հպարտ եմ իր առաւելութիւններով և առաքւնութիւններով .
Այդ անցումից մենք շատ հեռու ենք, ու իմ կարծիքով այն հայերի մոտ չի էլ լինելու, քանի որ հակասում է մեր հավաքական ներքին էությանը։ Անգամ նոր սերունդը գործում է մեր ավանդական առասպելաբանության շրջանակներում, որտեղ պետությունը արհամարված է։ Եթե Մխիթարյանին հարցնեք՝ ինքն էլ կասի որ դա անելով հպարտանում էր, որ ինքը հայ է, ոչ թե որ ՀՀ քաղաքացի է։ Լրագրող եք, կարող եք հարցնել, ինձ էլ է շատ հետաքրքիր։