64-ամյա Ջուլիետա Դավթյանը եւ նրա եղբայրը` 60-ամյա Ռազմիկ Դավթյանը, իրենց բնակարանից երեկ վտարվեցին` հայտնվելով փողոցում: Սովորաբար վտարման գործընթացը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն են կատարում` դատարանի որոշման հիման վրա, սակայն Դավթյաններին վտարողն այս անգամ ոչ թե ԴԱՀԿ-ն է եղել, այլ Մաշտոցի բաժնի ոստիկանները: Եկել տնից հանել են ու գնացել: Բնակարանից վտարելու պահանջ ներկայիս տանտերն է ներկայացրել` լիազորված անձի միջոցով: Ոստիկաններն էլ աջ ու ձախ չեն նայել, հաշվի չեն առել, որ վիճահարույց բնակարանի գործը դատարանում է, եւ դեռ չկա դատական վճիռ: Տիկին Ջուլիետան ու նրա եղբայրը երեկ իրերն առած՝ շենքի առաջին հարկում անհույս սպասում էին, քանի որ գնալու տեղ չունեին:
«Առավոտ» օրաթերթը 20.09.2016 թվականի համարում «Բելառուսից վերադարձանք հայրենիք ու խաբեբաների զոհ դարձանք» հրապարակմամբ անդրադարձել էր Դավթյանների հետ կատարված պատմությանը:
Կառավարության «Արի տուն» հորդորները լսելով՝ Ջուլիետա եւ Ռազմիկ Դավթյանները, որոնք երկար տարիներ բնակվելիս են եղել Բելառուսում, որոշել են վերադառնալ հայրենիք` կյանքի մնացած տարիներն այստեղ անցկացնելու: Սակայն հայրենիք ոտք դնելուն պես՝ հայտնվել են, ինչպես իրենք են ասում, «խաբեբաների ծուղակում»: Մարդկանց օգնելու նպատակով գումար են տվել, սակայն այսօր իրենք օգնության կարիք ունեն, քանի որ «լավության» պատճառով անտուն են մնացել:
Նրանք Հայաստան են վերադարձել 2009-ին: Օրերից մի օր հանդիպելով վաղեմի ընկերոջը` Սամվել Սամվելյանին, Ռազմիկ Դավթյանը, հավատալով ընկերոջ խոստմանը, նրա խնդրանքով պարտքով տալիս է 3500 դոլար: Ընկեր Սամվելը վստահեցնում է, որ գումարը կվերադարձնի վեց ամսից: Գումարը վերցնելու դիմաց Սամվել Սամվելյանը մի պարտավորագիր է գրում: Ժամանակը լրանում է, բայց նա խոստացած ժամկետում գումարը չի վերադարձնում: Կրկին դիմում է ընկերոջը` Ռազմիկին, խնդրելով եւս 14 հազար դոլար, որպեսզի տունը սեփականաշնորհի ու վաճառի եւ ամբողջ պարտք գումարը վերադարձնի: Այս անգամ էլ Սամվել Սամվելյանը 20 օր ժամանակ է խնդրում: Ռազմիկ Դավթյանն ընկերոջն օգնելու համար 14 հազար դոլարի դիմաց գրավադրում է իր բնակարանը: Գործարքը տեղի է ունեցել 2011 թվականին, եւ մինչ օրս Սամվել Սամվելյանը ո՛չ 3500 դոլարն է վերադարձրել, ո՛չ 14 հազար դոլարն է իր տոկոսներով վճարել գրավատուին: Դավթյանների տունն էլ արգելանքի տակ է հայտնվել ու հանվել աճուրդի:
«Ես՝ Սամվել Սամվելյանս, «Շեռլի Ռութ» ՍՊԸ-ի աշխատող Ղուկասի միջոցով Կարեն Տոնոյանից վերցրել եմ 14.000 ԱՄՆ դոլար, որի փոխարեն գրավ է դրվել Ռազմիկ Դավթյանի բնակարանը: Իրականում փողը ես եմ վերցրել, Ռազմիկը որեւէ գումար չի վերցրել, տեղյակ չի եղել, որ իր տունը գրավ է դրվել, քանի որ Ղուկասը եւ ես նրան հավաստիացրել ենք, որ նոտարում ձեւականորեն ինչ-որ թուղթ պետք է ստորագրի, ինչը եւ նա արել է: Նշեմ նաեւ, որ իրականում տրվել է 14.000 ԱՄՆ դոլար, բայց նոտարում գրվել է 8 միլիոն 200 հազար դրամ, մոտ 20 հազար դոլար: Գումարը վերցրել եմ ես եւ պարտավորվում եմ այն ինքս փակել եւ Ռազմիկի տունը վերադարձնել իրեն, պայմանագիրը կնքվել է 13.07.2011 թ.-ին». սա պարտավորագիր է, որը գրվել է Սամվել Սամվելյանի ձեռքով: Թվում է՝ սա կարեւոր փաստաթուղթ եւ ապացույց է երկու քաղաքացու միջեւ առաջացած վեճը իրավական ճանապարհով լուծելու համար, սակայն տարիներ ի վեր այս փաստաթուղթն իրավապահ մարմինների կողմից անտեսվել է եւ ուշադրության չի արժանացել:
Շիրազի փողոցի թիվ 20 շենքում գտնվող 94.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով Դավթյանների բնակարանը աճուրդի էր հանվել 12 միլիոն 950.000 դրամ մեկնարկային գնով` մոտ 27 հազար դոլարով: Այսօր արդեն նրանց բնակարանը նոր սեփականատեր ունի` Արտուշ Թազայան անունով, որը, Ռազմիկ Դավթյանի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում:
Նա լիազորել էր Հայաստանում բնակվող մի կնոջ, որպեսզի վերջինս իր անունից դիմի ոստիկանություն` Դավթյաններին տնից հանելու: Երեկ ոստիկանների կողմից վտարումը կազմակերպելուց հետո տան նոր տերը բնակարանի դուռը փոխել է, որպեսզի հետդարձի ճանապարհ չլինի:
Այս պահին Դավթյանների ճակատագիրը օդից է կախված: Դրսում հայտնվելուց հետո Ջուլիետա եւ Ռազմիկ Դավթյանները ահազանգել են տարբեր կառույցներ, նրանց բողոքին արձագանքել էին մարդու իրավունքների գրասենյակից:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Ջուլիետան ասել էր` հենց իրավապահ մարմինների անգործության պատճառով է, որ մարդիկ մեր երկրում գնում են ծայրահեղ քայլերի` ինքնասպան են լինում, փորձում մարդասպանի ու խարդախի հետ անձամբ հաշվեհարդար տեսնել: Նրանց պատմելով՝ 5-6 տարի է՝ կոկորդ են պատռում, որ խարդախություն է տեղի ունեցել, որ խաբեությամբ են իրենց թղթեր ստորագրել տվել, սակայն իրավապահ մարմինները վերոնշյալ հանցագործությունների մասին հայտարարությունները ուշադրության չեն արժանացրել: Թե՛ դատարանները, թե՛ այլ իրավապահ կառույցներ ամեն անգամ ասել են` փաստաթղթերով ամեն բան օրենքի շրջանակներում է, եւ որ գործարքն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը բացակայում են: Սակայն գործում կան այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք պարզ են դարձնում, որ գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ: Ռազմիկ Դավթյանի համոզմամբ՝ այս գործում կազմակերպված խումբ է գործում, որոնք գտնում են հենց իրենց պես «միամիտ մարդկանց ու թակարդը գցում»:
Այս պահին Դավթյանների գործը երկու դատարաններում լսվում է: Եվ որքան էլ Դավթյանները ոստիկաններին փաստաթղթեր են ցույց տվել, հավաստիացրել, որ դեռ գործը քննական փուլում է, որ այդ նույն բնակարանը կրկին հարկադիրի կալանքի տակ է, միեւնույն է` նրանց լսող չի եղել:
Դավթյանների գործով դատական նիստը հունիսի 17-ին է` Մալաթիա-Սեբաստիա դատարանում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
25.05.2017