Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանական անձի՝ տնօրենի մահը լիազորագրի դադարման հիմք չէ

Մայիս 26,2017 15:00

Փաստաբան ներկայացուցիչն անդրադառնում է «Առավոտի»
մայիսի 5-ին հրապարակված` «Հանգուցյալի կողմից մահվանից քսանչորս օր
հետո «ներկայացված» վճռաբեկ բողոքը բավարարվել է» հոդվածին:

«Անի-96» ՍՊԸ-ի 26 տոկոս բաժնեմասի մասնակիցներից մեկի փաստաբանը` Գագիկ Խաչատրյանը, լրագրողի հետ զրույցում ներկայացրել է, թե, իբր, ընկերության հիմնադրման օրվանից որեւէ ժողով չի հրավիրվել, ինչը իրականությանը չի համապատասխանում. 12.03.2016թ. հրավիրված ընդհանուր ժողովը ըստ գրանցամատյանի եղել է թվով 22-րդը: Հետեւաբար` առնվազն 22 անգամ հրավիրված է եղել եւ կայացել են ընկերության տարեկան եւ կամ արտահերթ ընդհանուր ժողովներ:

Ինչ վերաբերում է փաստաբանի միջոցով թերթին ընկերության որոշ մասնակիցների հայտնած տեղեկությանն առ այն, որ հանգուցյալի իրավահաջորդները թաքցրել են իրենց հարազատի մահվան մասին լուրը եւ մահվանից քսանչորս օր հետո վճռաբեկ բողոքով դիմել են դատարան, ակնհայտ սուտ է, քանզի ընկերության 74 տոկոսի սեփականատեր հանգուցյալ Համլետ Պետրոսյանի անունից երբեւէ վճռաբեկ բողոք չի ներկայացվել:
«Անի-96» ՍՊ ընկերության մասնակիցներ են հանդիսացել Համլետ Պետրոսյանը՝ 74% բաժնեմաս եւ Հասմիկ Գյուրջյանը, Անահիտ Սարգսյանը, Քրիստինե Բաղդասարյանը, Հասմիկ Գրիգորյանը, Վարդուհի Ֆաքիրյանը, Երազիկ Աշոտյանը, Աննա Սահակյանը, Հասմիկ Խաչիկյանը, Անուշ Գալստյանը, Ամալյա Բաբայանը, Մագդա Հակոբյանը, Լարիսա Սարուխանովան, Սոսիկ Հարությունյանը՝ յուրաքանչյուրը 2-ական տոկոս բաժնեմասով:
«Անի-96» ՍՊ ընկերությունն ունեցել է պարտք «Արֆարմացիա» ՓԲԸ-ի նկատմամբ:
12.03.2016թ.-ին կայացել է ընկերության ընդհանուր ժողով՝ գույքի օտարման հարցի վերաբերյալ: Նիստին ներկա են եղել ընկերության մասնակիցները, ինչպես նաեւ նրանց ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը, նիստը նախագահել է ընկերության մասնակիցներից՝ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Հասմիկ Գյուրջյանը, իսկ նիստերի քարտուղար է եղել ընկերության մասնակից Վարդուհի Ֆաքիրյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ է եղել ժողովին մասնակցողների ձայների 75%-ը, իսկ սույն դեպքում ապահովվել է 77% «կողմ» ձայները, ուստի առաջարկը համարվել է ընդունված եւ գործարքին հավանություն տրված: Նշենք նաեւ, որ «Անի-96» ՍՊ ընկերության 12.03.2016թ.-ին կայացած ընդհանուր ժողովի որոշումը որեւէ ձեւով չի վիճարկվել, անվավեր չի ճանաչվել: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Արֆարմացիա» ՓԲԸ-ի ընդդեմ «Անի-96» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջների մասին: Դատարանի 2016թ ապրիլի 1-ի վճռով վճռվել է հաստատել կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնագիրը, եւ այդ հիմքով գործի վարույթը կարճվել է։ Վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել «Անի-96» ՍՊ ընկերության մասնակիցներ՝ Հասմիկ Գյուրջյանի, Աննա Սահակյանի, Հասմիկ Խաչիկյանի, Մագդա Հակոբյանի, Վարդուհի Ֆաքիրյանի, Հասմիկ Գրիգորյանի, Ամալյա Բաբայանի, Երազիկ Աշոտյանի, Անուշ Գալստյանի, Անահիտ Սարգսյանի, Քրիստինե Բաղդասարյանի, Լարիսա Սարուխանովայի կողմից:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2016թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել եւ գործն ուղարվկել է նույն դատարան` նոր քննության: Ընկերության վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 07.04.2017թ. որոշմամբ բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը եւ օրինական ուժ է տվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռին: Վճռաբեկ բողոք է ներկայացվել «Անի-96» ՍՊ ընկերության կողմից, իսկ Համլետ Պետրոսյանը հանդիսացել է պարզապես նշված կազմակերպության հիմնադիրներից եւ միաժամանակ տնօրենը: Իրավաբանական տարրական գիտելիքներ ունեցող անձի համար էլ պարզ է, որ կազմակերպությունը, որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ՝ իրավաբանական անձ, քաղաքացիաիրավական հարաբերություններում հանդես է գալիս ինքնուրույն, հետեւաբար անհրաժեշտ է միմյանցից տարբերել ընկերության իրավունքներն ու պարտականությունները դրա մասնակցի իրավունքներից ու պարտականություններից, ինչպես նաեւ՝ ընկերության սեփականության իրավունքը դրա մասնակիցների սեփականության իրավունքներից: Ինչ վերաբերում է լիազորագրի գործողության դադարմանը, ապա հարկ է միմյանցից տարբերել իրավաբանական անձի կողմից տրված լիազորագիրը ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ դեպքերում է դադարում իրավաբանական անձի եւ ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածից հետեւում է, որ իրավաբանական անձի՝ տնօրենի մահը լիազորագրի դադարման հիմք չէ, քանզի տնօրենը լիազորագիր է տալիս ոչ թե իր անունից հանդես գալու, այլ ընկերության: Ընկերության անունից տրված լիազորագիրը դադարում է իրավաբանական անձի դադարմամբ, իսկ ընկերության տնօրենի մահը ընկերության դադարման հիմք չէ:

Ինչ վերաբերում է հոդվածի հետգրությունում նշված «Վճռաբեկ դատարանը բավարարելով հանգուցյալի բողոքը, որոշել էր համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել տասներկու աշխատակիցներից յուրաքանչյուրից 203.051 դրամ» տեղեկությանը, այն պետական տուրքի ընդհանուր գումարն է, որը պետք է բռնագանձվի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջե:

ԳՈՒՐԳԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

փաստաբան, «ԱՆԻ-96» ՍՊ ընկերության ներկայացուցիչ

«Առավոտ»

25.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031