Թուրք երգչուհի Սեմա Մորիցը` արվեստի, պատերազմների ու հայերին գրկելու մասին
Թուրքիայում երգչուհի Սեմա Մորիցին լավ են ճանաչում: Նա իր հայրենիքում հարգանք է վայելում ու հռչակ ունի: Երգչուհին համաձայնեց սիրով հարցազրույց տալ «Առավոտին»: Ի դեպ, կարդալով Պոլսի «Արաս» հրատարակչության կողմից հայազգի կոմպոզիտոր Գառնիկ Կարմիրյանի մասին տպագրված գիրքը` Սեման ձեռնամուխ էր եղել նրա ալբոմի թողարկմանը եւ ստեղծագործությունների ներկայացմանը:
Երգչուհուց հետաքրքրվեցինք` հե՞շտ էր հաղթահարել այն ճանապարհը, որը նրան ի վերջո փառքի գագաթ է տարել: «Երգչուհի դառնալու ճանապարհը խորը հիմք ունի: Ես հայտնի եմ դարձել իմ ողջ կյանքում ձեռք բերած փորձի շնորհիվ` որպես կին եւ երգչուհի: Ոչ ոք մեկ գիշերում հայտնի չի դառնում, այն էլ արվեստի բնագավառում: Երեւի չհռչակվեի, եթե այլ տարածքում գործունեություն ծավալեի: Ես մեծացել, ոգեշնչվել եւ «սնվել» եմ բազմամշակութային Անատոլիայի մշակույթով եւ երաժշտությամբ: Շատ կարեւոր է հասկանալ, որ ես մշտապես «սնվում» եմ Անատոլիայի հարուստ մշակույթից»,- ասաց երգչուհին: Արվեստագետից հարցրինք նրա կողմից թողարկված Գառնիկ Կարմիրյանի ալբոմի մասին ու խնդրեցինք մանրամասներ հայտնել, թե ինչու է հետաքրքրված հայազգի կոմպոզիտորի երաժշտությամբ:
Սեմայի ձեւակերպմամբ, իր հետաքրքրության առարկան ոչ թե զուտ հայկական երաժշտությունն է, այլ 19-րդ դարի Ստամբուլի կորսված մշակույթը: «Գառնիկ Կարմիրյանը ծնվել, ապրել եւ մահկանացուն կնքել է Բերայում, այնպես որ, նա օսմանյան ստամբուլցի է` հայկական արմատներով: Ես կենտրոնանում եմ Բերայի, այսինքն` հենց Ստամբուլի մշակույթի վրա, դա՛ է ինձ համար կարեւոր: 1800-ականներից 1950 թթ. Ստամբուլը բազմամշակութային էր: Ես հասկացա, որ Կարմիրյանի արվեստը մոռացվել է, դրա համար էլ ցանկացա այն վեր հանել ու ներկայացնել աշխարհին»,-նշեց մեր զրուցակիցը:
Լինելով համամարդկային լեզու` կարո՞ղ է երաժշտությունը խնդիրներ հարթել: Ի պատասխան «Առավոտի» այս հարցին` Սեմա Մորիցը ասում է. «Երանի երաժշտությունը լուծեր բոլոր համընդհանուր խնդիրները, որտեղ էլ որ մենք նայենք` Վենեսուելայից մինչեւ Աֆրիկա, ամենուր կոռուպցիա կա ու վիշտ: Ցավոք, աշխարհում թագավորում են քաոսն ու պատերազմները, ու արդյունքում երաժշտությունն էլ տուժում է, քանի որ մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց հույզերը: Խնդիրը բնորոշ է ինչպես մեր երկրին, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններին: Այնպես որ, ես մաղթում եմ, որ միայն սիրային երգեր հնչեն, ոչ թե ռեքվիեմներ, աշխարհն էլ դառնա այնպիսի մի վայր, որ մարդիկ գրկեն իրար»:
Երգչուհին հավելում է, որ երաժշտական աշխարհում կուռքեր չունի, մանավանդ՝ երբ արդեն 60 տարեկան է: Հիշում է, որ քսան տարեկանում տարված էր ոմանց երաժշտությամբ, իսկ այժմ գնահատում է այն արվեստագետներին, որոնք համամարդկայինի կողմնակից են:
Հարցրինք` կցանկանա՞ր համերգով հանդես գալ Հայաստանում: «Շատ եմ ուզում, հատկապես Ջիվան Գասպարյանի հետ կցանկանայի ելույթ ունենալ: Երբեք չեմ տեսել Հայաստանը ու շատ հետաքրքրված եմ: Բազմաթիվ վավերագրական ֆիլմեր եմ դիտել Հայաստանի մասին, շատ կուզենայի գրկել հայ մարդկանց»:
Զրույցի ավարտին երգչուհին ցանկություն հայտնեց համագործակցել հայ երաժիշտների հետ` ասելով, որ կուզենար նրանց հետ միասին երաժշտություն ստեղծել աշխարհի համար:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝
www.nilufer.bel.tr կայքից
«Առավոտ»
25.05.2017