Ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանը՝
մենեջերի գործունեության եւ իր հյուրախաղերի մասին
Վերջին շրջանում համարյա բոլոր հայաստանյան ուսումնական հաստատություններում առկա են «մենեջմենթ» կամ «արվեստի կառավարում» մասնագիտությունները, բայց դրանք կարծես մոդայիկ բնույթ են կրում: Օրինակ, դասական երաժշտության ոլորտի մենեջեր, որքան էլ փնտրեցինք, չգտանք: Մինչդեռ արտասահմանյան հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուր, բարիտոն Գեւորգ Հակոբյանին միանգամից երեք մենեջերներ «իրենցով են արել»: Ընդ որում, նրանք աշխարհում հայտնի մասնագետներ են՝ Իտալիայից Անջելո Գաբրիելին, Մեծ Բրիտանիայից Մարկ Հիլդրուն եւ Ավստրիայից Արիանա Հոլենդերը: Օպերային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մարիա Գուլեգինան, Պլաչիդո Դոմինգոն, Գրեգորի Կունդը կամ դիրիժորներ Լորին Մաազելը, Ռոբերտո Աբբադոն, Վալերի Գերգիեւը եւ մյուսները, համագործակցել է մեր օպերային երգիչը:
«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Հակոբյանը փաստեց. «Չեմ ճանաչում որեւէ հայաստանցի մենեջերի, ով երբեւէ գոնե մեկ արտիստի հետ համագործակցելով՝ ներկայացրել է նրան արտասահմանում»: Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, «դրսից» հրավիրում են արտիստներ, նույնիսկ անվանի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման եղանակով բոլորը կարող են արտիստ հրավիրել: Այլ բան է՝ մենեջերի շնորհիվ կարողանալ ամեն ինչ ծառայեցնել ի նպաստ հայ մշակույթի ու արտիստների: Այսինքն՝ արտասահմանում պարբերաբար կազմակերպել մեր բարձրարվեստ երաժիշտների ելույթները, ինչի շնորհիվ ճանաչելի կդառնա ոչ միայն կատարողը, այլ նաեւ մեր երկիրը: Եվ ամենակարեւորը՝ հայ մենեջերը կնպաստի հայ կոմպոզիտորների գործերի կատարմանը արտասահմանյան բեմերում»:
Հետաքրքրությանը՝ երգիչը տեւական ժամանակահատված Երեւանում չէր, մեր զրուցակիցը կոնկրետացրեց՝ բացակայել է 42 օր, հետո էլ մանրամասնեց. «2016թ. առաջին անգամ Հռոմի օպերային թատրոնում մասնակցեցի լսումների եւ դրա արդյունքում ընդգրկվեցի միանգամից հինգ նախագծում ու կնքվեց պայմանագիր: Մասնակցեցի Ջորդանոյի «Անդրեա Շենյե» բեմադրությանը, Հռոմի օպերային թատրոնի խմբի հետ հանդես եկա Վերդիի «Նաբուկոյում», որը ներկայացրինք Իտալիայի այլ քաղաքներում եւս: Ի դեպ, հուլիս-օգոստոս ամիսներին կմասնակցեմ Հռոմում ավանդաբար անցկացվող հեղինակավոր «Կարակալա» փառատոնին, իսկ աշնանը՝ Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացմանը, դարձյալ Հռոմում: Ընդ որում, դա համընկնում է Շտուտգարտի օպերային թատրոնում Չայկովսկու «Պիկովայա դամա» ներկայացմանը հրավերիս հետ…»: Հարցին՝ օրինակ, այդ խնդիրը մենեջերների միջեւ վեճ չի՞ առաջացնում, բարիտոնը պատասխանեց. «Բացարձակ, նրանք առանց որեւէ վեճի համաձայնության են գալիս: Այստեղ իմ խնդիրն է. ստացվում է, որ այսօր երգում եմ Հռոմում, գիշերը պետք է մեկնեմ Շտուտգարտ, առավոտյան մասնակցեմ փորձին, իսկ երեկոյան բեմ բարձրանամ…»:
Զրույցի ընթացքում Գեւորգ Հակոբյանը ներկայացնելով մինչեւ տարեվերջ իր արտասահմանյան հյուրախաղերը, հայտնեց, որ նոյեմբերին Մեծ թատրոնում հանդես է գալու Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում եւ առաջարկ է ստացել այդ թատրոնի հետ մեկնել Չինաստան: Առաջիկա հյուրախաղը հունիսի 7-ին է. Սանկտ Պետերբուրգում Գերգիեւի ղեկավարությամբ ավանդաբար անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակներում հանդես կգա Ամոնասրոյի դերերգով՝ Վերդիի «Աիդայում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
25.05.2017