Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մայիս 26,2017 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունվեցերորդ

ԸՆԿԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Եվ ես Ստանիսլավսկու գիրքը տվեցի Ֆելոյին, եւ Ֆելոն գիրքն ինձնից վերցնելով՝ հիացմունքով կազմին նայեց, հետո էջերը թերթելով՝ ժպտաց ու ասաց՝ «էս իմ մաշացրած գիրքն ա» եւ մի քիչ մտածեց, նայեց Ֆրունզիկին ու ամոթխած ժպտալով ասաց՝ «շնորհակալություն, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ի՞նձ ինչի ես շնորհակալություն ասում», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «բա ո՞ւմ ասեմ», եւ Ֆրունզիկը նայեց ինձ ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «Արմենչոյին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝  «էդ գիրքը ես իրան նվիրեցի, ինքը՝ քեզ», եւ  Ֆելոն  ժպտալով ինձ ասաց՝ «շնորհակալություն, Արմեն ջան», եւ ես ժպտալով Ֆելոյին ասացի՝ «խնդրեմ», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բայց էդ գիրք առնելդ ինչ-որ շատ երկար տեւեց», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մի ժամ համոզում էի», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ էիր համոզում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «էդ գրախանութի  Ռիփսիկին», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «Ռիփսիկին ի՞նչ էիք համոզում, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը ժպտալով նայեց Ֆելոյին ու փռթկացնելով ասաց՝ «հանգստացի, Ֆելո ջան, ուրիշ բան չէի համոզում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի ժամ իրան համոզում էի, որ քո մաշացրած գիրքը տար, բայց ինքը չէր համաձայնվում», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ էր ասում, որ չէր համաձայնվում», եւ Ֆրունզիկը  Ֆելոյին ասաց՝ «ասում էր՝ ընկեր Մկրտչյան, հազարից մեկ ինձնից գիրք եք առնում, ո՞նց մաշվածը կտամ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «քո պես ինքն էլ էր ինձ «ընկեր Մկրտչյան» ասում», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «բա ի՞նչ պիտի ասեր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու քթի տակ խնդմնդալով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց հորս, հետո նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «կարող ա՞ Ուստա Հակոբն ինձ «ընկեր Մկրտչյան» ա ասում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ուստա Հակոբն ու դուք, կարելի ա ասել, ընկերներ եք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «չնայած… ձեր ավտոյի համարներն ինքը փողով ա գրում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին  ու ոչինչ չասաց, եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես հպարտ եմ, որ ինձ Ուստա Հակոբի ընկերն ես համարում», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին  ասաց՝ «ես ավելի հպարտ եմ, Ֆրունզ ջան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հանկարծակի լրջանալով Ֆելոյին հարցրեց՝ «բայց ինչի՞ պիտի իմ ավտոյի համարները ձրի գրեք» եւ մի քիչ էլ մտածեց ու  Ֆելոյին նայելով գոռաց՝ «կարող ա՞ ես մուրացկան եմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «կերա՞ր», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «կարող ա՞ ես մուրացկան եմ, որ էս գիրքն ինձ նվիրեցիք», եւ Ֆրունզիկն ապշահար նախ Ֆելոյին նայեց, հետո նայեց ինձ ու Ֆելոյին հարցրեց՝ «էս էրեխեն ա խմել, դու ե՞ս հարբել» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ես ընդամենը մի անգամ եմ քեզ գիրք նվիրել, բայց դուք համարյա ամիսը մի անգամ ավտոյիս համարները թարմացնում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ էդ գիրքը ոչ թե ես եմ քեզ տվել, այլ՝ Արմենչոն», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով  ասաց՝ «կարող ա՞ մուրացկան եմ, որ տվել ա», եւ հայրս Ֆելոյի վրա գոռաց՝ «կարող ա՞ մենք մուրացկան ենք, որ էդ թանկուկրակ արաղն առել բերել ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լիմոնադներն էլ չհաշված», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա՞ քյաբաբներն էլ եմ ես առել», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «փաստորեն, քվիտ ենք», եւ Ֆելոն հիացմունքով նայեց Ստանիսլավսկու գրքին ու ասաց՝ «էս գիրքը չհաշված», եւ Ֆրունզիկը Ֆելոյին ասաց՝ «էդ գիրքը քեզ Արմենչոն ա նվիրել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031