«Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կլինի արդարադատության նախարար, իսկ մնացած նախարարները կշարունակեն իրենց աշխատանքները»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ նիստում, ընդհանուր առմամբ, խոսվել է նոր կառավարության ձեւավորման մասին: «Կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ Կարեն Կարապետյանի թիմին` շարունակել աշխատանքը։ Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով վերջին օրերին մամուլի այն հրապարակումներին, որ ՀՀԿ-ում հակասություններ կան, ասաց, որ դրանք «թվացյալ և շինծու» են, իրականում, ՀՀԿ-ում ջրերը պարզ են:
«Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ