Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Համբարձման տոնը` Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում (Ֆոտոշարք)

Մայիս 25,2017 21:53

Քրիստոսի Սուրբ Համբարձման տոնը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի մայիսի 25-ին տոնեց: Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-98 թվականներին: Առավոտյան այստեղ և շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը մատուցեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին քաղաքում գործող դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ, շրջվարչակազմի և այլ կառույցների աշխատակիցներ, հյուրեր:

Պատարագն սկսելով Տերունական աղոթքով՝ հոգևոր հայրերը, եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ շարականներ ու տաղեր, հոգևոր խոսք ու քարոզ մատուցեցին ներկաներին: Ընթացքում սարկավագն ընթերցեց հատված նոր կտակարանից՝ նկարագրելով, թե ինչպես է հարություն առած Հիսուս Քրիստոսն առաքյալներին կանչել Երուսաղեմի մերձակա Ձիթենյաց լեռ, տվել պատվիրաններ և անհետացել ամպերում:

Մինչ առաքյալները երկինք էին նայում, երկու հրեշտակ են հայտնվում և ավետում, որ Քրիստոս կրկին կհայտնվի մարդկության Դատաստանի և երկնքի արքայությունը հաստատելու համար: Հայ ժողովուրդը դարեր շարունակ Սուրբ Համբարձման տոնը, որը մեր ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վիճակ» անունով, նշել է ուրախ միջոցառումներով: Տոնի օրը շատ աղջիկներ ջուր են բերում իրենց բնակավայրերին մոտ սուրբ զորությամբ հայտնի աղբյուրներից:

Ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և ներկա աղջիկների անձնական իրերից: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն՝ այս ամենը կատարելով երգերով, կատակներով, դրամահավաքով և միրգ ու քաղցրավենիք, այլ նվերներ ստանալով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում:

Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Մատուցելով սուրբ Պատարագը՝ Աթանաս վարդապետը ներկաներին դիմեց քարոզով՝ հորդորելով լինել հավատով քրիստոնյա, սիրել միմյանց, օգնել դժվարին պահերին: Կարևորեց մեր ժողովրդի միասնությունը, որի շնորհիվ կարող ենք միայն ուժեղ լինել, շարունակել մեր երթը: Այս անգամ ևս աղոթք հղեց առ աստված, որ Տերը լինի զորավիգ Հայոց ժողովրդին, ողջ աշխարհում սփռի խաղաղություն, զորություն ու կորով տա մեր զինվորին, ով հայոց անդորրը պաշտպանողն է և սահմանի միակ պատվարն ու պարիսպը: Սուրբ Պատարագին ներկաները մոմեր վառեցին եկեղեցու կամարների տակ, աղոթեցին, որ բարին տիրի աշխարհին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031