Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորինս շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ. Կարեն Կարապետյանին. հայտարարություն

Մայիս 25,2017 20:56

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Կարևորելով Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, լինելով Հայաստանում այդ կառուցակարգի ներդրման հիմնական նախաձեռնողներից և ջատագովներից` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից այսօրվա` մայիսի 25-ի նիստին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագիծ) հաստատման մասին որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով.

Նախագիծը քննարկման չի դրվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, որի հիմնական իրավասություններից է հակակոռուպցիոն քաղաքականությունների համակարգումը և իրականացումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը: Ընդ որում, Հակակոռուպցիոն կոալիցիան, հանդիսանալով ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, պաշտոնապես դիմել է Խորհրդի նախագահին՝ ՀՀ վարչապետին և առաջարկելով մինչև Խորհրդի նիստի օրակարգում վերոնշյալ հարցի ընդգրկումը, անցկացնել հանրային քննարկումներ: Փաստորեն, վերը նշված Նախագիծը, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առանց քննարկելու, Կառավարության նիստին ներկայացնելը հարվածի տակ է դնում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության ազդեցությունը և արդյունավետությունը:

2016 թվականի առաջին կիսամյակում Հակակոռուպցիոն կոալիցիայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա), ոլորտային այլ ՔՀԿ-ների և Արդարադատության նախարարության կողմից մշակվեց հակակոռուպցիոն մարմնի երկու` ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմնի և Կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մարմնի մոդելների նախագծերը: Դրանք ներկայացվեցին ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ 2016 թվականի հունիսի 15-ի նիստին, որի արդյունքում Արդարադատության նախարարին հանձնարարվեց բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկը:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ, որը նախ մշակվեց «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին», ավելի ուշ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Ցավոք, նշված աշխատանքային խմբում այպես էլ չներգրավեցին հակակոռուպցիոն բարեփոխումերի ակունքներում կանգնած ՔՀԿ-ները՝ հանձինս Հակակոռուպցիոն կոալիցիայի: Նշված երկու իրավական ակտերը հրապարակվել են e-draft.am կայքում, որի վերաբերյալ սակայն հանրությունը պատշաճ տեղեկացված չի եղել, իսկ առաջարկություններ ներկայացրել են միայն Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան:

Մեր այն պնդումը, որ Նախագծի վերաբերյալ ՔՀԿ-ները անտեղյակ են եղել, ապացուցվում է մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներում: Ավելին, Հակակոռուպցիոն կոալիցիան և Ասոցիացիան այս հարցում ևս բազմիցս առաջարկել են իրենց աջակցությունը՝ օրինագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու հարցում:

Հաջորդիվ, ընդգծենք, որ նշված երկու իրավական ակտերի նախագծերի վերջնական տարբերակները Հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ արտահայտել են բացառապես Կառավարության տեսակետները, և ոչ թե՝ ՔՀԿ-ների: Այս տեսակյունից, հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված հարցի վերաբերյալ կցված ամփոփաթերթում ներառված չէին Հակակոռուպցիոն կոալիցիայի և Ասոցիացիայի առաջարկությունները:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի անցումային դրույթներում նշված է հետևյալ կարգավորումը. «1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով: 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի անդամների նշանակումը:»

Վերոգրյալ իրավակարգավորումն ուղղակիորեն չի ենթադրում հանձնաժողովի լիակատար անկախություն, քանի որ դրա անդամները պետք է նշանակվեն հրապարակային մրցույթի արդյունքում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին անհրաժեշտ է նշանակել օրենսդիր մարմնի կողմից` ապահովելով վերջինիս անկողմնակալությունն ու անկախությունը` բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում: Կոռուպցիայի դեմ պայքարի անկյունաքարային փաստաթուղթ համարվող Ջակարտայի սկզբունքներում ևս ընդգծված է, որ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է նշանակվի այնպիսի գործընթացում, որը ապաքաղաքականացված է, չեզոք և անկողմնակալ:

Հաջորդ հիմնավորումներից է հանդիսանում այն, որ Նախագծի հեղինակները ընտրել են հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ առանձին հակակոռուպցիոն մարմինների համակցությունը, սակայն վերջիններս լիարժեք չեն դիտարկել այն, և ամբողջական լուծում չի տրվում, քանի որ օրենսդրական փաթեթում բացակայում է հակակոռուպցիոն իրավապահ կամ այլ մարմնի վերաբերյալ օրենքի նախագիծ, որը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործառույթով: Բացի այդ, նախագծում առկա են առանցքային թերություններ` կապված կանխարգելիչ մարմնի փաստացի անկախության և արդյունավետության ապահովման հետ:

Նախագծով առաջարկվող մոդելը որդեգրել է կոլեգիալ մարմնի ընտրությունը՝ չհիմնավորելով վերոնշյալ ձևաչափով աշխատանքի արդյունավետությունը, այն դեպքում, երբ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի լավագույն մոդելը միանձնյա կառավարվող հակակոռուպցիոն մարմինն է:

Հակակոռուպցիոն կոալիցիան անընդունելի է համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարևոր օրինագծի վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումը և գտնում է, որ այսպիսի գործելակերպը չի բխում պատշաճ կառավարման և բարեխղճության սկզբունքներից այն է՝ հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարման հանրային մասնակցության սկզբունքներից: Վերը նշվածի մասին է վկայում նաև Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ մի շարք գերատեսչությունների կողմից բարձրացված անհանգստությունները: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը շեշտեց, որ գերատեսչության առաջարկների ընդունման կամ մերժման մասին ամփոփաթերթ չի ներկայացվել՝ խնդրելով հետագա քննարկումներում ընդգրկել նաև գերատեսչությանը, նման խնդրանք եղավ նաև ՀՀ կենտրոնական բանկի և այլ մարմինների կողմից։

Գրեթե համանման մոտեցում ՀՀ կառավարությունը ցուցաբերել է նաև 2014 թվականին՝ հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի մշակման և ընդունման ժամանակ:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, Հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում՝

ՀՀ Կառավարությանը

-վերանայել վերը նշված  օրենքի նախագծի փաթեթը հաստատելու մասին որոշումը:

 ՀՀ Վարչապետին՝

-հնարավորինս շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ Նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկում կազմակերպելու նպատակով.

-Օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման:

 ՀՀ Ազգային Ժողովի նախագահին՝

-Օրենքի նախագծի վերաբերյալ անցկացնել խորհրդարանական լսումներ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:

 ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին և պատգամավորներին՝

-ակտիվ մասնակցել Օրենքի նախագծի քննարկումներին՝ ներկայացնելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում ՔՀԿ-ների մտահոգություններն ու առաջարկությունները.

-Օրենքի վերջնական նախագիծը մշակել ազգային միասնության և համերաշխության գաղափարային հենքով` արտահայտելով հանրության բոլոր շերտերի իրական ակնկալիքներն ու սպասումները Հայաստանում հակակոռուպցիոն պայքարից:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

25.05.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031