Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիս 25,2017 19:02

Մայիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ էին ժամանել Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները և բազում ուխտավորներ:

Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը քարոզեց օրվա խորհրդի շուրջ՝ նշելով, որ Համբարձման գեղեցիկ օրը կրկնակի տոն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, որվհետև նշվում է թե՛ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ համբարձման մեծագույն հիշատակը և թե՛ Կիլիկյան Սսից Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռի տեղափոխումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Պատարագիչ Սրբազանը մասնավորապես ասաց. «…Հարությունից հետո, երբ արդեն լրացան քառասուն օրերը, Հիսուս կրկին իր աշակերտների հետ վերադարձավ Երուսաղեմ, քայլեց այն ճանապարհով, որով քայլել էր խաչելությունից առաջ, անցավ Գեթսեմանի պարտեզով և գնաց դեպի Ձիթենյաց լեռ, որտեղ աշակերտներին պետք է տար տիեզերական վերջին պատգամները: Եվ ապա դրանից հետո նաև համբարձվեր երկինք: …Հիսուս քառասուն օրեր մնաց երկրի վրա. մնաց, որովհետև հարկավոր էր, որ Իր հարության իրողությունը հաստատեր առաքյալների մեջ, և մեկ անգամ ևս պատրաստում էր առաքյալներին դիմակայելու այն ամենին, ինչ  սպասվում էր նրանց:

Մարդացել էր Աստված, որպեսզի հաշտեցներ Աստծուն մարդու հետ, մահացել, թաղվել էր մարմնով և կենդանի աստվածությամբ հարություն առել: Տերը համբարձվեց երկինք, բայց թողեց այն պատգամը, որ գալու է, որպեսզի դատի ողջերին և մեռյալներին, որպեսզի արդարներն ունենան հավիտենական կյանք և մեղավորները`հավիտենական տանջանք»:

 

Վիրահայոց թեմի առաջնորդն իր քարոզում անդրադարձավ Համբարձման տոնի ժողովրդական տոնախմբությանը` կարևորելով գեղեցիկ այդ ավանդույթի պահպանությունն ու հանրայնացումը ազգային կյանքում:

Արբազան Հայրը, վերհիշելով 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի տեղափոխման պատմությանը, ի մասնավորի նշեց. «Սա մեր ժողովրդի համար համազգային տոն է, քանի որ կիսում եմ այն կարծիքը, թե Կաթողիկոսական Աթոռը` Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Վաղարշապատ, Արևելյան Հայաստան վերահաստատելով` մենք կարողացանք պահպանել Արևելյան Հայաստանի մեր պատմական այս փոքրիկ հատվածը, որի վրա 1918 թ. կազմավորվեց մեր անկախ պետականությունը՝ շնորհիվ Սուրբ Էջմիածնի և նրա զինվորյալ միաբանության»:

Վերջում Վազգեն Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց Համբարձման տոնի առիթով և վերահաստատեց Մայր Աթոռի միաբանության սերն ու հավատարմությունը Հայոց Հովվապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Սրբազանը Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջ, արևշատ տարիներ` շարունակ հովվելու հայ ժողովրդին` թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

Սրբազան արարողությանը ներկա էին նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով Հայաստան ժամանած 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն, 2017 թ. մրցանակի հավակնորդ Թոմ Քատինան,  Գերագույն հոգևոր խորհրդի անդամ և բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վիեննայի պետական համալսարանի Աստվածաբնության ֆակուլտետի Ծիսագիտության ու խորհուրդների աստվածաբանության ամբիոնի և Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության ու հայրաբանության ամբիոնի 32 դասախոսներն ու ուսանողները:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031