Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 6 տարի ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականին: Ավետիսյանն ազատ է արձակվել 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում: Հիշեցնենք, Ավետիսյանը մինչ կալանավորվելը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար, իշխանությունից պահանջում էր ազատամարտիկներին արժանապատիվ կենսաթոշակ եւ կյանք ապահովել:
Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դուրս գալուն պես ճանապարհվեց դեպի կառավարության շենք, որտեղ կրկին բողոքի ակցիա էր անում: Ավետիսյանը պնդում է՝ ինքը շարունակելու է բողոքի ակցիան:
Aravot.am-ի հետ զրույցում այսօր Ավետիսյանն ասաց, որ արդարադատության ոլորտի պատասխանատուներից պահանջում է որոշ դատապարտյալների համար, իր խոսքերով ասած՝ 67 հոդվածը կիրառել.«Մարդիկ կարող են վաղաժամկետ ազատվել՝ չեն ազատում: Եվ սրա հետ մեկտեղ պայքարելու ենք Հայաստանը փրկելու համար: Հայաստանում օրենքները չեն գործում, բռնապետություն է»:
Պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է հասնեն հեղափոխության եւ իշխանափոխության, մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հեղափոխության գործընթացը, վերջինս այսպես պատասխանեց.«Բերդից էսօր նոր եկել եմ էստեղ, ժամանակը ցույց կտա: Մարդկանց պետք է բացատրենք, համոզենք, աշխատենք, որ պետք է պայքարեն հանուն արդարության, հավասարության, հանուն օրենքի: Ամբողջ մի միլիոն ժողովրդին հանենք փողոց»:
Մեր հարցին՝ հանրության մեծ մասը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է իշխող կուսակցության օգտին, արդյոք նրանք դուրս կգա՞ն փողոց` պայքարելու, Ավետիսյանը պատասխանեց. «Այդ մարդկանց կաշառել են, վախեցրել են, ճնշում են գործադրել»:
Արդյոք կաշառված մարդը, կամ այն մարդիկ, որոնց նկատմամբ ճնշում են գործադրել` կհամարձակվե՞ն դուրս գալ պայքարի, Ավետիսյանը պատասխանեց, որ նրանց հետ պետք է աշխատել.«Չեն գա՝ թող ճորտի նման, գերու նման ապրեն»:
Մենք պարոն Ավետիսյանին հիշեցրեցինք անցյալ տարվա ամռանը «Սասնա ծռեր» խմբի հեղափոխության կամ իշխանափոխության փորձը, երբ նրանք ՊՊԾ գունդը գրավեցին, իսկ արդյունքում կալանավորվեցին, արդյո՞ք իշխանափոխության նման սցենարը Վոլոդյա Ավետիսյանը կկրկնի, վերջինս պատասխանեց՝ «Ժամանակը ցույց կտա»:
Մեր այն հարցին՝ տարիներ առաջ կրկին բողոքի ակցիա էիք անում, ձեզ կալանավորեցին, հնարավոր համարո՞ւմ եք, որ այս անգամ էլ կրկնվի նման բան, պարոն Ավետիսյանը պատասխանեց.«Դրա համար եմ ասում՝ էդ նապաստակի հոգեվարքից պիտի դուրս գանք: Հանուն ազգի ու Հայաստանի պետք է պայքարենք: Արցախյան պատերազմին 6 հազար հայ է զոհվել Հայաստանն ու Արցախը փրկելու համար, դրա համար եմ ասում ՝ առանց զոհի ոչ մի բան չի լինի»:
Վոլոդյա Ավետիսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ կարծիք ունի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ընտրություններից առաջ դաշինք ստեղծելու եւ պայքարի մասին, ասաց. «Սեյրանը Օհանյանը չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ զոհված զինվորների համար Սեյրան Օհանյանն է պատասխանատու: Ոնց են Ազգային ժողովում կնոպկա սեղմում, նա էլ նույնն էր: Նրան գործուղել էին, որ ազգին պառակտի: Ինձ էլ էին առաջարկել: Էն պայքարիս ժամանակ առաջարկել են, որ ֆինանսավորենք, վերեւներից, օգնենք՝ ազատամարտիկներին տիրություն կանես, էս մեկին՝ կթուլացնենք, էն մեկին՝ կթուլացնենք: Այսինքն՝ ես եկել եմ մեկին թուլացնե՞մ»: Իսկ թե ով է Ավետիսյանին նման առաջարկ արել, վերջինս վստահեցրեց՝ «Իշխանությունից»:
Ավետիսյանն ասաց, որ ՀՅԴ-ին եւ «Ծառուկյան» դաշինքին ընդդիմություն չի համարում, իսկ ինքը համակրում է Զարուհի Փոստանջյանին. «Ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին, կոնկրետ»:
Մանրամասներն՝ այստեղ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ