Կանանց աջակցության կենտրոնն այսօր ահազանգ էր հնչեցրել, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում միջադեպ է տեղի ունեցել կենտրոնի աշխատակիցների նկատմամբ: Ըստ ահազանգի` նախկին ամուսինը հետապնդում է կնոջը:
Արան եւ Նաիրան ամուսնալուծված են: Օրերս նախկին ամուսինը դիմում է գրել ոստիկանություն, որ կինն ու երեխաներն անհայտ կորած են, ինքը հարազատների հետ կապը կորցրել է: Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում գտել են կնոջը, այսօր ոստիկանները նրանց հրավիրել են ոստիկանության բաժին, արձանագրումներ են արել, որ Նաիրան եւ երեխաները կորած չեն: «Ես անհայտ կորած չեմ, ամուսնալուծված եմ եւ ամուսնուս հետ որեւէ խնդիր ունենալ չեմ կարող»,- դատական նիստի ժամանակ հայտարարել է Նաիրան: Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո, ըստ Կանանց աջակցության կենտրոնի տարածած տեսանյութի, «բռնարար ամուսինը հետապնդել է Նաիրային եւ կենտրոնի աշխատակիցներին»:
«Ամուսինը Նաիրայի նկատմամբ բռնություններ է գործադրում: Նա իր մեքենայով փակել է տաքսու ելքը`թույլ չտալով մեզ հեռանալ»,- տեսանյութում մանրամասնում է կենտրոնի աշխատակից փաստաբանը: Նրանք ահազանգել են ոստիկանություն: Պնդում են, որ ոստիկանությունը բավական երկար ժամանակ չի արձագանքել իրենց ահազանգին: Երեք անգամ զանգահարել են: Կես ժամից միայն ժամանել են քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ներկայացել են քրեական հետախուզության աշխատակիցներ: Նրանք հայտարարել են, որ բոլորին պետք է բերման ենթարկեն, քանի որ այդ կանանց միջեւ առկա է քրեական հետապնդման տակ գտնվող անձ: Քրեական ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք, սակայն, չեն հստակեցրել`ո՞վ է այդ անձը եւ ի՞նչ է արել:
Երկար պարզաբանումներից հետո կենտրոնի աշխատակիցները եւ ամուսնու կողմից հետապնդվող կինը համաձայնվել են գալ ոստիկանության Մալաթիայի բաժանմունք եւ տեղում պարզաբանել: Նաիրայի ամուսինն, ըստ փաստաբանի, ճանապարհին էլ է հետապնդել իրենց: Նրանք երեք ժամից ավել գտնվել են ոստիկանությունում: Ոստիկանության միակ պատասխանն այն է, որ իրենք մեխանիզմ չունեն, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա համապատասխան հոդված, որով կարողանան իրենց պաշտպանել: Ասել են, որ միայն կարող են ապահովել ոստիկանությունից իրենց անվտանգ դուրս գալը: Թե ոստիկանության շենքից դուրս ի՞նչ է կատարվելու կենտրոնի ներկայացուցիչների, կամ այն անձի հետ, որի հետ կա վեճ, տվյալ դեպքում Նաիրայի, ոստիկանությանը, փաստաբանի պնդմամբ, չի հետաքրքրում: «Ստացվում է իրավիճակ, որ կոնկրետ հանցագործության դեպքում`սպանություն, վեճ, ծեծ միայն ոստիկանությանը կմիջամտի, մնացածն իրենց խնդիրը չէ»,- ասում է փաստաբանը: Ի դեպ, այսօր, դատական նիստի ժամանակ կինը`Նաիրան ասել էր նաեւ, որ իր ամուսինը զենք ունի ու ինքը կասկածներ ունի, որ զենքը մեքենայի մեջ է: «Բայց ոստիկաններն անգամ մեքենան չստուգեցին»,- տարակուսում է փաստաբանը`հավելելով, որ սա ոստիկանության կողմից կամքի եւ ցանկության բացակայություն է, քանի որ միշտ էլ կարելի է գտնել օրենքում համապատասխան մեխանիզմը: Ըստ կնոջ, Նաիրայի, իր ամուսինը ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում կապեր եւ ծանոթներ ունի, որոնց ինքը ծառայություններ է մատուցել:
Ոստիկանության լրատվության վարչությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ ահազանգի հիման վրա նյութեր են նախապատրաստվում, ընթացքի մասին հետո կտեղեկացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ