Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոսատոմը» ՀՀ-ում «հայտնաբերում» է շնորհալի երեխաների ու հնարավորություն տալիս մասնագիտանալ ատոմային ոլորտում

Մայիս 25,2017 17:10

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ ) դահլիճում բարձր դասարանների աշակերտների համար տեղի ունեցավ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի օլիմպիադայի շնորհանդեսը, որի ընթացքում ատոմային ոլորտի մասնագետները վարպետության դասեր անցկացրին:

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ու ՀՊՃՀ-ի նախաձեռնությամբ: Ինչպես կազմակերպիչները նշեցին, միջոցառման նպատակն է «հայտնաբերել» շնորհալի, խելացի ու նպատակասլաց երեխաներին, որոնք հետագայում կաշխատեն ատոմային ոլորտում` ի շահ իրենց երկրների:

Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռուսաստանյան բուհերում անվճար ուսանելու նպատակով ՌԴ-ում արտերկրի դիմորդների համար ծրագիր է իրականացվում: Ըստ նրա, ամեն տարի Ռուսաստանի կառավարությունը 15 հազար տեղ է հատկացնում ռուսաստանյան բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում ուսանելու համար: Պարոն Կալինինի խոսքով, ամեն տարի 200 տեղ Հայաստանին է հատկացվում: Կադրերի ընտրությունը տեղի է ունենում տվյալ երկրների կրթության եւ գիտության նախարարությունների հետ համագործակցությամբ:

«Ամեն տարի տեխնիկական մասնագիտությունների գծով պահանջարկն ավելանում է, այս տարի մի շարք երեխաներ ընդունվեցին «МИФИ», հիմնականում բակալավրիատ, բայց կա նաեւ հետաքրքրվածություն մագիստրատուրայի նկատմամբ: Համաձայնություն է ձեռքբերվել ամեն տարի «МИФИ»-ում նվազագույնը 5 տեղ հատկացնել ատոմային մասնագիտության համար` ֆիզիկայից եւ մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականների համար»,-ասաց Մարկ Կալինինը: Նրա խոսքով, քանի որ «Ռոսատոմը» բիզնեսի տեսանկյունից լայնորեն ներկայացված է Հայաստանում, ուստի բազայում որակավորված մասնագետներ ունենալու պահանջարկ կա, որոնք նաեւ կհամալրեն ատոմային էներգետիկայի ոլորտը սպասարկող ընկերությունները. «Հայաստանն ավանդաբար հայտնի է ֆիզիկայի, մաթեմատիկայի մասնագետներով»: Պարոն Կալինինը հաճելի է համարում, որ հայաստանցի շատ երեխաներ, կողմնորոշում ունենալով դեպի եվրոպական, ամերիկյան առաջատար բուհեր, այս նախաձեռնության մասին տեղեկանալով, որոշում են ընդունում ՌԴ-ում ուսանելու:

«МИФИ»-ի ներկայացուցիչ Կիրիլ Կուցենկոյի խոսքով, Հայաստանից օլիմպիադային մասնակցած 31 աշակերտներից 6-ը հաղթող են ճանաչվել, ինչը շատ բարձր ցուցանիշ է: Պարոն Կուցենկոն համեմատության համար նշեց, որ բոլոր երկրներից միասին վերցրած հաղթողները 900-ն են եղել, որից հինգը Հայաստանից:
Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ օլիմպիադան երկու փուլով է անցկացվելու` ընտրական եւ եզրափակիչ: Առաջին փուլը տեղի կունենա այս տարվա աշնանը, երկրորդը` 2018-ին` ձմռանը: Հաղթողները եւ մրցանակակիրները ՌԴ-ի տեխնիկական գծով բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնավորապես «МИФИ»-ի ընդունվելու դեպքում կստանան արտոնություններ:

Նշենք, որ ատոմային մասնագիտությունների գծով հայաստանյան ուսանողների վերապատրաստումը ռուսաստանյան բուհերում սկսվել է 2014 թվականից: Ըստ կազմակերպիչների, հաշվի առնելով Հայաստանի ատոմային կայանի դերի բարձրացումն ու զարգացումը, երկկողմ համագործակցությունն առավել արդիական է դառնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031