Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ երեկ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ռազմական գործակցության եռակողմ հուշագիրն անհանգստացնող պետք է լինի ՀՀ-ի համար: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ցանկացած գործակցություն, որտեղ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցություն, եւ որտեղ վերջիններս իրենց շահն են հետապնդում, մեզ համար պետք է մտահոգիչ լինի: Առավել եւս, երբ դրանում Վրաստանի մասնակցությունը կա»:
Ալիկ Էրոյանցը փաստեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական լուրջ ազդեցության հավակնություններ ունի Ռուսաստանը, եւ այդ տեսանկյունից եւս նշյալ գործակցության հուշագիրը խնդրահարույց է. «Այդ համատեքստում շուտով կարող է Իրանն էլ որպես ակտիվ գործոն հանդես գալ: Այնպես որ, շահերի բախման հարթություն կա»:
Միաժամանակ, փորձագետը նկատեց, որ հուշագրի մանրամասների ի հայտ գալու դեպքում է հնարավոր իրավիճակը բաղմակողմանի դիտարկել: Հիշեցնենք, որ հուշագրի շրջանակում այս տարի նախատեսվում է անցկացնել համատեղ զորավարժություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ