Լվովի Ներքին գործերի պետական համալսարանի վերահսկողության տակ գտնվող Սուրբ Կազիմիրի կոտյոլը կտրվի Լվովի համայնքին, իսկ հետագայում, նախատեսվում է, որ այն կհանձնվի հայկական կաթոլիկ եկեղեցուն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայ կաթոլիկ եկեղեցու պատվիրակության հետ հանդիպմանը, գրում է «Գլավնոյե» պարբերականը:
Ավակովի խոսքով՝ Ուկրաինայում գտնվում է ավելի քան 80 տաճար ու եկեղեցի, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայի էթնիկ հայերին: Այս պահին այդ երկրի հայկական համայնքին պատկանում է դրանցից միայն 5-ը:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եկեղեցների նկատմամբ պատմական ճշմարտության վերականգնմանը: Դա վերաբում է նաև Լվովի պատմական ժառանգությանը: Այնպես է պատահել, որ ՆԳՆ-ի սեփականության տակ է գտնվում մի հուշարձան, որը պատկանում է հայ կաթոլիկ եկեղեցուն… Մենք բոլոր հնարավորություններն ուսումնասիրել ենք և որոշում կայացրել այն վերադարձնել հայ կաթոլիկ եկեղեցուն»,- ասել է Ավակովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ