Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակչուհի, 1998թ. ծնված Անուշ Ադամյանի դատավարությունը: Ութամյա կրթությամբ, նախկինում չդատված , ամուսնալուծված, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, անձանց մեղադրելով տեղի չունեցած ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն: Նա ոստիկանությանը հայտնել է,որ 2016թ. հոկտեմբեր ամսին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Արթուր Ամիրյանը,Արմեն Առուստամյանն ու ինքնությունը չպարզված մի անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց,նրանցից Ա. Առուստամյանն իրեն առաջարկել է թմրամիջոց օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է:
Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարության մայիսի 23-ի նիստում մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը հայտարարել է, որ Ա. Ադամյանը բազմիցս պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստերի օրվա եւ վայրի մասին, դատարան չի ներկայացել: Մեղադրողը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալի հանդեպ խափանման միջոցը, խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Անուշ Ադամյանի «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխել «Կալանավորման», նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:
Մեր տեղեկություններով` դատական նիստերից մեկում Զ. Զաքինյանը հանդիմանել է Ա. Ադամյանի մորը,որ Անուշին բավարար չափով ուշադրություն չի դարձնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ