Այս գիշեր Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել սպանություն: Ժամը 00:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժինն ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 1983 թ.-ին ծնված Տիգրան Մարտիրոսյանն է, ով Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։
Նախնական տեղեկություններով Տիգրանին սպանել է կինը՝ Լիանան:
Տիգրանի բարեկամուհիներից Գայանեն, մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին իմացել են գիշերը եւ չեն ուզում հավատալ կատարվածին: Գայանեի պատմելով՝ Տիգրանն ու կինը երբեւէ խնդիրներ չեն ունեցել, ընտանիքը ապրել է հաշտ ու համերաշխ:
«Ամուսիններով շատ նորմալ հարաբերություններ են ունեցել ու իրար շատ սիրում էին: Կայքերում լուրեր են շրջանառվում, թե իբր հարեւաններն ասել են, որ իրենց տանը միշտ խոսակցություններ են եղել, վիճաբանություններ, եւ նման բան պետք է վաղ թե ուշ լիներ: Բայց մենք հարեւան չունենք, իրենց կողքը մենք ենք ապրում ու նման բան չկա»:
Գայանեն ցավով է խոսում, ասում է Տիգրանը եղել է բարի ու հավասարակշռված մարդ: Իսկ կնոջ կողմից ամուսնուն սպանելու վարկածին չեն հավատում. «Լիանան միշտ ուրախ ու ժպիտով էր: Ես իրա մոտ որեւէ մի բան չեմ տեսել, որ պատկերացնեի` կարող է մի օր էս քայլին գնար»:
Տիգրան Մարտիրոսյանն ունի երկու անչափահաս երեխա:
Նրա հայրը` քրեական հեղինակություն համարվող «Ճաճոյի Էդոն» նույնպես սպանվել է` մի քանի տարի առաջ` մյուս որդու հետ միասին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ