Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վոլոդյա Ավետիսյանն ազատվել է, բարի ազատություն».Էդուարդ Շարմազանով

Մայիս 25,2017 15:53

«Վոլոդյա Ավետիսյանն ազատվել է, բարի ազատություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11- ի սահմաններում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում:

Հարցին՝ հնարավո՞ր է կրկնվի «Սասնա ծռերի» դեպքը` Վոլոդյա Ավետիսյանը պատասխանել էր, թե «ժամանակը ցույց կտա»:

Պարոն Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ նման մտավախություն ինքն ունի՞, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ ես իմ կարծիքն արտահայտել եմ և՛ հուլիսյան դեպքերի ժամանակ, և՛ դրանից հետո, և՛ այսօր մնում եմ նույն կարծիքին: Վոլոդյա Ավետիսյանին էլ շնորհավորում եմ, որ ազատության մեջ է: Իսկ ցանկացած հակաօրինական երևույթի վերաբերվում եմ բացասական: Հայաստանում կան համապատասխան ուժային կառույցներ, պետական մարմիններ, որոնք զբաղվում են ՀՀ քաղաքական-հասարակական կարգի պաշտպանությամբ: Բոլոր այն գործողությունները, որոնք տեղավորվում են օրենքի շրջանակներում, ողջունում եմ, որոնք դեմ են օրենքին և ահաբեկչական են, ես խստորեն դատապարտում եմ: Այստեղ մեր պետական կառույցները, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, իրենք իրենց բարձրության վրա կգտնվեն»:

Պարոն Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ եթե գործողությունները լինեն օրինական, լինի Շարմազանով, թե Ավետիսյան, կողջունվի, իսկ օրենքից դուրս գործողությունները չեն ողջունվի:

Մեր այն դիտարկմանը, թե Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումը շատերը քաղաքական որոշում են համարում, պարոն Շարմազանովն արձագանքեց, թե ինքը Վոլոդյա Ավետիսյանին չի համարում քաղբանտարկյալ, որ նրա ազատ արձակումը համարի քաղաքական:

Մեր այն հակադարձմանը, թե ՀՀ իշխանությունները ոչ մեկին էլ քաղբանտարկյալ չեն համարում, մինչդեռ պնդումներ կան, որ Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանն ու ընկերները, Ժիրայր Սեֆիլյանը հենց քաղաքական հայացքների համար են ազատազրկված, պարոն Շարմազանովն արձագանքեց, թե նրանց քաղբանտարկյալ չեն համարում ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլև եվրոպական որևէ մարդու իրավունքների պաշտպանության կառույց ՀՀ-ում քաղբանտարկյալ չի տեսել:  Իսկ արդյոք Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումից հետո հնարավո՞ր է նաև ազատ արձակվեն մյուսները, որոնց անունները վերևում թվարկվեցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ հարցին պատասխանելն իր լիազորությունների շրջանակից դուրս է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031