Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է՝ դրամահավաքի համար տնօրենները կպատժվեն, եթե ծնողը պնդի

Մայիս 25,2017 15:46

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն անդրադառնալով դպրոցներում վերջին զանգի համար կատարվող դրամահավաքներին՝ ասաց, որ այդ առնչությամբ նախարարության թեժ գծին ահազանգեր են լինում, թեեւ այս տարի բողոքները պակասել են: «Ավելի զգոն եւ զգույշ են դպրոցները: Մի խնդիր էլ կա՝ ասում են, թե՝ ինչո՞ւ չեք թողնում երեխաներին, որ իրենք իրենց միջոցառումները նշեն:

Պետք է հասարակությունը փոխենք, այսինքն՝ փող հավաքելով եւ շքեղ ռեստորաններում տոն նշելը լավ փորձ չէ: Այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահով երեխաներ: Եւ, նաեւ, եթե դպրոցում չեն հավաքում գումարը, ծնողական կոմիտեն դրսում է հավաքում: Եթե թողնենք այս գործընթացը շատ խորանա, աստիճանաբար կէլիտարացնենք դպրոցները»,-ասաց Մկրտչյանը: Նա ասաց, որ դժգոհ ծնողները հիմնականում նշում են, որ պարտք են վերցնում, որպեսզի կարողանան իրենց երեխայի միջոցառումն անել. «Եթե մենք կարողանանք հասկացնել, որ շքեղ նշելը մեծ նվեր չէ իրենց երեխաների համար: Հիմա մենք օպերայում նշում ենք, բայց դա դրան չի փակում, համ էդտեղ են գնում, համ նշում են»:

Ինչ վերաբերում է ուսուցիչների եւ տնօրենների համար նախատեսվող նվերների համար դրամահավաքին, Լեւոն Մկրտչյանն ասաց. «Դա այլ հարց է, կատեգորիկ պետք է վերացնենք այդ դրամահավաքությունը: Եթե ունենք ծնողներ, ովքեր կպնդեն, որ նման բան է տեղի ունեցել, տվյալ տնօրենն անմիջապես կպատժվի»:

Լեւոն Մկրտչյանն օրինակ բերեց Աշոտ Բլեյանի ուսումնական հաստատության փորձը, նշելով՝ «Տարեսկզբում գումար են վերցնում, եւ թե աշակերտները, թե ծնողները գիտեն, թե ինչպես է ծախսվում գումարը, երեւի այս ճանապարհով պետք է գնանք: Տնօրենը պետք է լինի նույնպիսի հրապարակային դեմք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031