Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», – Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ միջադեպի ընթացքում տուժածներից մեկն է: «Ամերիկայի Ձայն»-ին Լյուսին համաձայնվել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան նախորդած բոլոր մանրամասները.
«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջեւ, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:
Սպիտակ տան առջեւ ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ.
«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջեւ եւ բնականաբար որեւիցե կերպ չէինք սադրում»:
ԱՄՆ-ի հայ, քուրդ եւ եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջեւի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջեւ բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջեւից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»–ի կայքում