Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող հարուստը շատ չուրախանա, աղքատն էլ շատ չտխրի, ԱԺ մտածը թող չմեծամտանա, չանցածն էլ թող շատ չտխրի». Րաֆֆի Հովհաննիսյան

Մայիս 25,2017 15:08

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ընտրություններից հետո հիասթափության մասին, ասաց. «Յուրաքանչյուր մարդ ունի բարձրակետեր, ունի նաեւ վայրէջքներ, եւ դա բնական է յուրաքանչյուրի համար: Դրա համար թող հարուստը շատ չուրախանա, աղքատն էլ թող շատ չտխրի, ԱԺ մտածը թող չմեծամտանա, չանցածն էլ թող շատ չտխրի: Ունենք հերթական դե ֆակտո իրավիճակ: Մի բան կարող եմ ասել՝ յուրաքանչյուր ընտրություն տարբեր է: 2013-ին, եթե նույն միավորումը լիներ, ինչ եղավ վերջին շրջանում, կունենայինք այլ վիճակ: Եթե ՀՀ շարքային քաղաքացու կողքին կանգնած լինեին մի քանի պետական պաշտոնյա, մի քանի սփյուռքի գործիչ, մի քանի գործարար, որոնք ասեին, որ պետք է փոփոխություն, կարծում եմ, հանրային պատվերը չի փոխվել այդ առումով, մենք կունենայինք արդեն գրանցված հաղթանակ»:

Նա ասաց, որ դեռ մնում է իր կարծիքին՝ հայրենիքում հայի արյուն չպիտի թափվի. «Դրա համար մի օր տխրություն է, շոգ է, հուսահատություն է, դրանք անցողիկ բաներ են: Ես էլ այդ ապրումներն ունենում եմ, բայց կյանքը շարունակվում է: ԱԺ-ի ներկայացված որոշ անդամներ կարող են ներկայացնել ինչ-որ չափով նաեւ հանրային պատվերը: Եթե իրենք ցանկանան, եթե լինեն համապարփակ, մեծ մտածող, վեհանձն մտածող, մենք կկարողանանք նաեւ համագործակցել ԱԺ-ում ներկայացված որոշ անդամների հետ: Մենք շարունակում ենք Ժառանգությունում ընդդիմադիր մնալ այս իշխանությանն, այս կոալիցիային»:

Րաֆֆի  Հովհաննիսյանը ցավում է, որ քաղաքացիներին «մեղսակցության» դաշտ բերեցին, բայց նաեւ ընդունում է ՕՐՕ դաշինքի սխալները. «Մենք բավարար աշխատանք չտարանք, այդ դաշինքը շատ ուշ կայացավ: Ազատ, արդար ընտրություններում մենք հաստատ կանցնեինք, բայց մենք պիտի հասկանանք, որ ժողովրդի մի ընտրազանգվածի մոտ… անկախ նրանից, թե վարչությունում ես ինչպես եմ քվեարկել, նորարարություն էր՝ պետական գործիչ, հետո՝ քաղաքական գործիչներ տարբեր ոլորտների, որ տարբեր շրջաններում դուրս են եկել իշխանությունից եւ գիտակցել են, որ իրենց քառակուսի պաշտոններից դուրս կա իրականություն, կա ներքին եւ արտաքին խնդիր եւ սխալ է, պետք է ուղղվել: Ես համարում եմ, որ դա իրենց կողմից խիզախություն է, ես քննադատել եմ իրենց, բայց մենք այդ առաջարկն արեցինք, շարքային հայաստանցին, կարծում եմ, չհասկացավ, լրիվ ժամանակ չունեցավ ընկալելու՝ սա ռեա՞լ էր, թե՞ ինչ էր իրենից ներկայացնում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց այն ուժերին, որոնք անցել են խորհրդարան՝ թեկուզ կեղծիքով. «Նրանք, ովքեր մնացել են դուրս, նրանք նույնպես ներդրում ունեն կատարելու, մեր ազգային օրակարգում մնում են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, քաղբանտարկյալները, ժողովրդի իրական պատկանելությունը պետությանը, արտագաղթի նվազեցումը, երիտասարդների համար հեռանկարի բացակայությունը»:

Նա նշեց, որ 5 տարին պատկառելի ժամանակահատված է, եւ եթե ժողովուրդը ցանկանա, այս 5 տարվա ընթացքում ներքին մեծ փոփոխություններ կարող են կատարվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031