Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Արման Մելիքյանի` ԱՄՆ-ն համբերատար սպասում է, թե ինչպես է ՌԴ-ն հանձնելու Արցախի տարածքները Ադրբեջանին

Մայիս 25,2017 15:03

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում Արցախյան հիմնահարցի թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Արցախի ԱԳ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի խոսքերով՝ ստատուս քվոն օրեօր վատթարացնում է մեր բանակցային դիրքերը: Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օդում կախված եղել է, այնպես էլ մնացել է: Եթե առաջ բանակցություններ էին վարվում տարածքներ կարգավիճակի դիմաց ձեւակերպման շուրջ, հիմա խոսում են տարածքներ՝ «իրավիճակի բարելավման դիմացի» մասին:

Արման Մելիքյանը հիշեցրեց, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ը ընդունեց 4 բանաձեւ, որտեղ որեւէ մեկում ՀՀ-ն որպես ագրեսոր պետություն ներկայացված չէ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ բանաձեւերը՝ հենց դրա համար. «93-ին 4 բանաձեւ է ընդունվել, դրանից հետո պատերազմի ընթացքի մասին որեւէ բանաձեւ չի ընդունվել: Դա նրանից է, որ 93-ի աշնանը Հեյդար Ալիեւը դարձավ Ադրբեջանի նախագահ, իսկ մոտ մեկ ամիս հետո ՀՀ-ն իրեն հռչակեց հակամարտության կողմ: Մինչ այդ ՀՀ-ն չի դիտարկվել կողմ: Հակամարտության կողմ է եղել պաշտոնական Ստեփանակերտը եւ Բաքուն: Այն պահից, երբ ՀՀ-ն իրեն ճանաչեց հակամարտության կողմ, հարցը դարձավ միջազգային:Ըստ էության, 93-ին այդ հայտարարությունն անելով՝ ստեղծեց ՀՀ-ն այն նախադրյալները, որի վրա հիմնվեց Ադրբեջանը՝ ՀՀ-ին ագրեսոր պետություն ճանաչել տալու հարցում»:

Արման Մելիքյանը նշեց, որ դրանից էլ սկսած՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադառնալու մոտեցումից պաշտոնապես զրկվեց, դա ըստ էության դարձավ համանախագահների մոտեցումը: Խնդիրն ընկալվեց այնպես, որ փաստացի հակամարտությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է, ՀՀ-ն զավթել է Ադրբեջանի տարածքները եւ պետք է վերադարձնի այն՝ առանց նախապայմանների. «Քանի դեռ մենք բանակցային այն փիլիսոփայության վրա ենք հիմնվում, որ պետք է տարածքներ տանք, որ ստանանք Արցախի ինքնորոշման ճանաչում, մենք ե՛ւ տարածքները կկորցնենք, ե՛ւ ճանաչում չենք ստանա»:

Ըստ բանախոսի, մեր ամբողջ բանակցությունների փաթեթը հիմնված է անհեթեթ գաղափարախոսության վրա, հիմնված է տարածք հանձնելու գաղափարախոսության վրա. «Ի սկզբանե կարգավորման խնդիրը դրված էր այնպես, թե Արցախը պետք է ինչ-որ բան վերադարձնի, բայց ո՞ւմ, ինչի՞ համար»:

Արման Մելիքյանի դիտարկմամբ՝ հաճախ համանախագահները խոսում են կարգավորման հեռանկարի մասին, հստակ ընդգծում են, որ բոլոր համանախագահները մադրիդյան սցենարի հետ համաձայն են, նրանք համաձայն են, որ Հայաստանը տարածքներ պետք է հանձնի: Այդ առումով շատերը տարակուսած են՝ այդ ինչպե՞ս պետք է հանձնեն: «Միակ պետությունը, որ բավականաչափ կապեր ունի տարածաշրջանում, ազդեցություն, լծակներ, դա ՌԴ-ն է: ԱՄՆ-ին պետք չէ միջամտել տարածքների հանձնման խնդրին, եթե դա կազմակերպի ՌԴ-ն, ՀՀ-ում ՌԴ-ի ազդեցությունը բավականին կթուլանա: Նրանք կարող են համբերատար սպասել նրան,  առանց Հայաստանը կորցնելու: Ապրիլյան պատերազմը գուցե նախավարժանք էր, որ արվեց այդ ուղղությամբ: Այն հետեւությունների, մտածելու տեղիք տվեց շատերի համար: Այն, որ տարածքներ հանձնելու թեման այսօր տրված է ռուսական կողմից, դա բավական լուրջ բան է, եւ արժե մտածել դրա մասին, փորձել հասկանալ հետեւանքները»,-ասաց նա:

Արման Մելիքյանն ասաց, որ մենք պետք է կարողանաք մեղադրյալի աթոռից իջնել, նստեցնել Ադրբեջանին, բայց դա ոչ թե հռչակագրերի շնորհիվ, այլ՝ կոնկրետ քայլերի.«Շատ կարեւոր է, որ արցախահայությունն իրեն զգա՝ որպես ինքնիշխան միավոր: Եթե դու չգիտես «ա»-ից հետո ինչ պետք է անես, ավելի լավ է այդ «ա» քայլը չանես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031