Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որտեղ հետընտրական կրքերը չեն հանդարտվում, նոր թափ է առել նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի ու Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Վարագյանի թիմակիցների միջև այսպես ասած «մենամարտը»։ Մեզ ահազանգող արթիկցիների բնութագրմամբ, բանը հասել էր նրան, որ Արթիկի քաղաքային իշխանությունները ՏԻՄ ընտրություններում իրենց չսատարելու, այլ Մուշեղ Պետոյանին կողմնակից լինելու պատճառով անհարկի ստուգումներ էին սկսել թիվ 4 մանկապարտեզում, ավելին «ժուչոկ» գցել մանկապարտեզի վարիչ Հասմիկ Աջամօղլյանի կաբինետում՝ գաղտնալսելով նրա խոսակցությունները։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «ժուչոկ» տեղադրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, հարցաքննվել է մանկապարտեզի անձնակազմը։ Կոնկրետ անձի դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քրեական օրենսգրքի 144 հոդվածը, որը կոչվում է «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը» սահմանում է․«Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով»:
Դատախազի լուսանկարը՝ ankakh.com-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ուֆֆ, կերեք իրար հանուն ժուչոկի