Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը երբեւէ չի ճանաչելու Արցախի անկախությունը. Քննարկում՝ Արցախի ստատուս քվոյի մասին

Մայիս 25,2017 13:36

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում Արցախյան հիմնահարցի թեմայով քննարկում էր կազմակերպվել: ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը խոսեց Արցախում ստատուս քվոյի իրավաքաղաքական տեսանկյունների մասին:

Նրա խոսքերով՝ «Ամբողջ աշխարհում խոսում են այն մասին, որ ստատուս-քվոն վտանգավոր է, պետք է փոխել: Ոչ ոք չի խորանում, թե ինչի կբերի դա»:

Նա ասաց, որ Մինսկի խումբն առաջարկում է փոխել ստատուս քվոն: Տարածքի մի մասը, որպես ԼՂԻՄ, առանձնացնել, մնացածն Ադրբեջանինն է: Եթե մենք կարողանանք այս տարածքը բաժանել նման ձեւով, այն կստանա միջազգային ստատուս: 25 տարի է՝ որեւէ բան չի եղել, որովհետեւ առաջին հերթին Ադրբեջանը օգտվում էր ամենակարեւոր հանգամանքից՝ ամբողջ աշխարհը ճանաչում էր այդ տարածքը՝ որպես սուվերեն Ադրբեջանի մաս:

Մանվել Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը քաղաքականություն է վարում, որ սերնդեսերունդ ոչ մեկին իրավունք չտա այդ տարածքի վրա. «Հայաստանն անընդհատ ասում է, որ այս կամ այն պայմանում մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը, ու երբեւէ չենք ճանաչում: Եղել են տարբեր պահեր, այդ թվում պահեր, երբ համարյա ոչնչացված էր Արցախը, բայց ահագին փաստեր ունենք, ինչ կատաղի դիմադրություն եղավ ՀՀ իշխանությունների մոտ՝ ճանաչելու համար, անգամ քիչ մնաց պառլամենտի նախագահը հրաժարական տար: Հետո Սերժ Սարգսյանը սկսեց շահարկել, որ պատերազմ եղավ՝ ճանաչելու ենք, պատերազմը եղավ՝ չճանաչեց: Երբեւէ դա չի լինելու»:

Ըստ Մանվել Սարգսյանի, Ադրբեջանը պիտի զրկվի իր իրավունքներից, քանի նա ունի այդ իրավունքները, որեւէ բան չի լինի: 25 տարվա մեջ տաբու է դրվել, որեւէ բանակցություն զարգացնել չի լինում. «Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք կարող եք մտնել պատերազմի մեջ, որտեղ Ադրբեջանն ունի իրավունքներ: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանն ասում է՝ սա իմ տարածքն է: Մենք պետք է մտածենք՝ ինչ անենք, որ Ադրբեջանն իր այդ իրավունքներից զրկվի: Մինչեւ սա մնում է՝ ոչինչ չենք կարող անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031