Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ Վոլոդյա Ավետիսյանը կկրկնի «Սասնա ծռերի» դեպքը

Մայիս 25,2017 13:32

«Եթե համաներումը չկիրառվեր Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, խախտումը ճչացող կլիներ»,-Aravot.am-ի հարցին՝ Վոլոդյա Ավետիսյանի՝ ազատ արձակումը քաղաքակա՞ն որոշում էր, այսպես պատասխանեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11- ի սահմաններում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում:

Մեր այն հիշեցմանը, թե որոշ ուժեր մտահոգություն ունեն, որ Վոլոդյա Ավետիսյանի՝ ազատ արձակմամբ հնարավոր է կրկնվի «Սասնա ծռերի» դեպքը և ըստ էության ինքը՝ Վոլոդյա Ավետիսյանն էլ այսօր չէր բացառել դա՝ նշելով՝ «ժամանակը ցույց կտա», պարոն Իշխանյանն արձագանքեց. «Ովքեր վտանգ են տեսնում, ես չեմ հասկանում այդ մարդկանց, թե որտեղից են մատից հոտ քաշելով՝ վտանգ տեսնում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի գործունեությունը, ինչքան ինձ հայտնի է, եղել է վետերանների սոցիալական իրավունքների պաշտպանությունը: Այդպիսի մտահոգությունները քննության չեն դիմանում»:

Պարոն Իշխանյանի կարծիքով՝ այս պարագայում քաղաքական և իրավական որոշումները համընկել են. «Իհարկե, Հայաստանն իրավական պետություն չէ, բայց եթե համաներման հոդվածն էլ չկիրառվեր Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, դա շատ ճչացող  խախտում կլիներ: Այն, որ քանի անգամ վաղաժամկետ ազատ արձակումը նրա նկատմամբ չկիրառվեց, հստակ  քաղաքական որոշում էր, քանի որ որևէ հիմք չկար նրա նկատմամբ վաղաժամկետ ազատումը չկիրառելու: Ուղղակի շատ ճչացող խախտում կլիներ, և ուստի այստեղ արդեն քաղաքական որոշումն իրավականի հետ համընկել է»:

Արդյոք Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակմամբ ՀՀ իշխանությունները փորձում են միջազգային հանրության աչքին ժողովրդավա՞ր երևալ՝ մանավանդ, որ ԱՄՆ-ն կրճատել է ՀՀ-ին ֆինանսավորումը, , պարոն Իշխանյանն այս առիթով ասաց. «Այդ համատեքստում կլիներ, եթե լիներ համաներում լիներ, և ազատ արձակվեր ոչ միայն Վոլոդյա Ավետիսյանը, այլև այլ քաղբանտարկյալներ՝ Շանթն ու ընկերները, Գևոգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ այդ որոշումը չկա, ապա այս փաստը չեմ տեսնում այդ համատեքստում: Մեծ մասամբ այսպիսի որոշումները կայացվում են, երբ ներքին հասարակական, միջազգային ճնշում է լինում, բայց մեր իշխանությունները նման ճնշում չեն զգում, և նրանք՝ նշածս անձանց ազատ արձակման որոշում չունեն»:

Փաստեցինք, որ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, թե շարունակելու է պայքարը և այսօր էլ ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիայի էր մասնակցում, ուստի նրա կողքին հասարակական լայն զանգվածներ կկանգնե՞ն, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Կապրենք, կտեսնենք»…

    բացի եթէ պետական հիմնարկութեան մը պաշտօնեայ ենք, սոյն հիմնարկութեան վրայ զինեալ յարձակման մը ընթացքին՝ անբախտ պատանդ մը, կամ ել այդ պահին ոեւէ քաղաքացի որ գտնվում է յարձակման շրջակայքը, եւ այդ պարագաներին՝ որպէս ուղղակի թիրախ կամ վրիպած փամփուշտի կամ ռումբի բեկորների զոհ, ոչ կ’ապրենք ոչ ել կը տեսնենք…

    կատարեալ գժանոց…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031