Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սնանկացման գործընթացների վերաբերյալ հանձնարարականներ տվեց

Մայիս 25,2017 13:25

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային պարտավորությունների չկատարման ու սնանկության վարույթների խնդրին եւ ասաց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ, չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ըստ վարչապետի՝ սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունն, ըստ վարչապետի, բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է վարչարարության կազմակերպման, օրենսդրության, սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կատարվել է հայեցողաբար և ոչ համակարգված:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ՝ պետք է ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ գործիքակազմ:

Դրանք ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնել առաջարկություն՝ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման, հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Պետք է ուսումնասիրել և կառավարությանը ներկայացնել «Սնանկության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության գործով կառավարիչների պատասխանատվության խստացմանը, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքներին: Պետք է նաև ուսումնասիրել եւ կառավարությանը առաջարկներ ներկայացնել Դատական ակտերի կատարման ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության, այլ գործնական օրենսդրական խոչընդոտների, դրանց վերացման ուղղությամբ: Ըստ վարչապետի՝ այս ոլորտում պետք է որոշակի կոշտ համակարգ եւ խաղի կանոններ մտցնել, քանի որ, ինչպես վարչապետն ասաց՝ «իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք պրակտիկորեն սնանկացման գործընթացի մեջ առողջացման շատ քիչ օրինակներ ունենք, եթե նույնիսկ ունենք: Եվ ընդհանրապես դա դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031