Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյան հայտարարեց, որ մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ, նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար:
Վարչապետը նշեց, որ ակնկալում են գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը, ծրագրին խիստ հետևողական են լինելու և այն կրելու է շարունակական բնույթ:
Կ.Կարապետյանը առաջարկեց համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ: Ըստ վարչապետի՝ մինչև այս տարվա վերջ հանդես են գալու նաև օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքում տուգանքների կիրառման և հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ, նաև միջգերատեսչական հանձնաժողովը պետք է ներկայացնի ամսական հաշվետվություններ ԶԼՄ-ներին:
Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Ըստ նրա` տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին:
«Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ