Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի «պտիչկան» փչացե՞լ է

Մայիս 25,2017 16:00

Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկել է Էդմոն Մարուքյանի օգտին, ուղղակի «սիստեման» չի աշխատել

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանի եւ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի թեկնածությունն էր առաջադրվել: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկել էր ընդամենը 12 պատգամավոր, որից 9-ը «Ելքի» անդամներն էին: Երբ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ փակ գաղտնի քվեարկությամբ այսպիսի պատկեր է լինում, ընդդիմադիր հռչակված «Ծառուկյան» դաշինքը չի քվեարկում Մարուքյանի օգտին, Միքայել Մելքումյանը պատասխանել էր, որ իրենց դաշինքը քաղաքական որոշում է ընդունել, որ իրենց պատգամավորները ազատ են, կարող են քվեարկել իրենց խղճի մտոք:

Հայտնի է, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը քվեարկել էր բաց՝ հօգուտ Էդմոն Մարուքյանի: «Առավոտի» հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է ստացվել, որ իրեն ընդդիմադիր կոչող խմբակցությունը, համենայնդեպս, 31 պատգամավորից 29-ը ՀՀԿ-ի օգտին է քվեարկում, նրանց խիղճը դեպի ՀՀԿ-ն է կանչում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հարցը պետք էր ուղղել հավանաբար այն պատգամավորներին, որոնք քվեարկել են այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ նշել, որ ինքս ընտրություն կատարելիս բավականին բարդ վիճակի առջեւ էի կանգնած, որովհետեւ, կարծում եմ, ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է եւ ճանաչում է պարոն Բաբլոյանին, շատ դրական վերաբերմունք ունի, եւ այստեղ, կարծում եմ, դեր է խաղացել այն հանգամանքը, որ անհատի գործոնն ավելի է կարեւորվել, քան քաղաքական մոտիվացիան: Ես դրանով եմ պատճառաբանում, հակառակ պարագայում վստահ եմ, որ պատկերն այլ կլիներ: Մի բան էլ պետք է արձանագրենք՝ սա քաղաքական նոր ժամանակահատվածի սկզբնամասն է, եւ կլինեն ինչ-որ պահեր, որ կառաջացնեն տարակուսանք, զարմանալի կլինեն, բայց, կարծում եմ, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»:

Մեր դիտարկմանը, որ առաջին նիստն էր, եւ «Ծառուկյան» դաշինքը ցույց տվեց իր ոչ ընդդիմադիր կեցվածքը, ի՞նչը պետք է իր տեղն ընկնի, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Չէ: Երբ որ կլինի որեւէ քաղաքական հարթության մեջ հարց, այդ ժամանակ կարելի է այս կամ այն ձեւով արտահայտվել: Սակայն մի բան ակնհայտ է՝ երբ որ անհատներին է վերաբերում հարցը, ժամանակ առ ժամանակ սուբյեկտիվ գործոնները եւս ազդում են: Ես կարծում եմ, որ քաղաքական պրոցեսների ընթացքում «Ծառուկյան» դաշինքը ցույց կտա, որ ընդդիմադիր է, ես համոզված եմ դրանում»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը ընդդիմադիր է: Ինչ վերաբերում է այդ քվեարկությանը, նա այսպիսի բացատրություն տվեց. «Որոշ մարդիկ ուղղակի չկարողացան քվեարկել, այդ սիստեման չէր աշխատում, եւ եթե հաշվեք պատգամավորների թիվը, կհասկանաք, որ ԲՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը եւս քվեարկել են Էդմոն Մարուքյանի օգտին»: Եթե խոսքը վերաբերեր քվեարկության էլեկտրոնային համակարգին, ինչ-որ տեղ դեռ կարելի էր հասկանալ պարոն Ազիզյանի բացատրությունը, ինչ կա որ՝ հենց առաջին նիստում «Ծառուկյան» դաշինքի կողմ եւ դեմ-ի կոճակները կարող է փչանային հօգուտ ՀՀԿ-ի, բայց այս դեպքում քվեարկությունը եղել է փակ գաղտնի, քվեաթերթիկի վրա «պտիչկա» նշումով: Դրա ի՞նչը կարող էր փչանալ՝ ոչ մի կերպ չի ընկալվում:

Կոնկրետ Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը. «Այդտեղ չեմ եղել»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի համոզմամբ՝ «Ծառուկյան» դաշինքը դեռ պետք է ապացուցի՝ ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանամետ. «Էլի քվեարկություններ կան, ուզում ենք այդ խղճի վրա ազդենք մի քիչ, տեսնենք»:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն ասում են՝ անձնական վերաբերմունքն է դեր խաղացել, ասում են՝ դեռ կտեսնեք մեր ընդդիմադիր կեցվածքը, Դուք ընդհանրապես «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր համարո՞ւմ եք, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ դաշինքի մասին իմ տեսակետն ասել եմ ու չեմ փոխել տեսակետս»:
Հարցին՝ առաջիկայում համագործակցություն այդ դաշինքի հետ պատկերացնո՞ւմ եք խորհրդարանում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե այդ դաշինքն իրեն հայտարարում է ընդդիմություն, պիտի իրեն պահի ընդդիմության նման: Կպահի ընդդիմության նման՝ կերեւա՝ ինչ ենք անում, չի պահի ընդդիմության նման՝ հանրությանը հայտնի կդառնա, թե Հանրապետականն ինչ է անում»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ֆորմալ առումով Ծառուկյան դաշինքն իսկապես ընդդիմություն է, քանի որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարության մաս չէ: Բայց միաժամանակ այն քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է, և այդ պատճառով այդ խմբակցութան վարքը պայմանավորված է հենց այդ գործոնով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031