Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգնելը հաշիվ չի. 7/53 ընտրատեղամասի խախտումն ու «Ելքի» տեսագրությունը

Մայիս 25,2017 15:30

ԿԸՀ-ն հաստատեց, որ «Ելքը» ճիշտ է,
թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է մեկնաբանել

«Ներող եղեք, շա՜տ հոգնած էինք, չստորագրեցինք»,- ահա այսպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արսեն Համբարձումյանը, երբ այդ տեղամասի արդյունքների վերահաշվարկն էր ընթանում, արդարանում էր, որ չի հասցրել, ի վիճակի չի եղել ստորագրել ու կնքել ընտրությունների արդյունքների պարկը:

Այդ տեղամասում ՀՀԿ-ն ստացել էր 448 ձայն, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» չնչին՝ 10 եւ 3 ձայն, ինչը կասկածի տեղիք էր տվել: «Ելքի» դիմումի հիման վրա այդ տեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ասում էր, որ ինքը առաջարկել է հանձնաժողովի մյուս անդամներին, որ պարկի վրա ստորագրեն, ոչ ոք չի ուզել, «հո զոռով չէի՞ ստորագրել տալու»: «Ելքի» լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն էլ, տեսնելով, որ պարկը կնքված չէ, բողոքեց, որ 7/53-ի այդ պարկը փոխված է, հետեւաբար վերահաշվարկն իմաստ չունի, ինչ ուզել՝ արել են: Այդ տեղամասի հետ տվյալ պարկը, որի վրա ոչինչ չկա, չի կարող ասոցացվել:

Ուշագրավ է, որ թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, մասնավորապես՝ փոխնախագահ Օլեգ Գրիգորյանը վերահաշվարկի ժամանակ վստահեցնում էր, թե պարկը ստորագրելը պարտադիր չէ, ըստ ցանկության է: Ըստ նրանց՝ օրենսգրքում չկա նման հոդված, որ պարտադիր պետք է լինեն կնիք եւ ստորագրություն: Կամավոր հիմունքներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է դնել ստորագրություն:

Aravot.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարցում արեց՝ տեղամասի այդ պարկը ստորագրելն ու կնքելը պարտադիր պայման չէ՞, կարո՞ղ է հանձնաժողովի նախագահը պահի տակ շատ հոգնի ու, ասենք, ալարի ստորագրել: ԿԸՀ-ից պաշտոնապես պատասխանեցին. «Ըստ Ընտրական օրենսգրքի եւ ընտրական կանոնակարգումների՝ պարկը պետք է լինի կնքված: Սակայն հնարավոր են դեպքեր, երբ պարկը կնքված չէ, այսինքն՝ հնարավոր է լինեն ընթացակարգային խախտումներ: Տվյալ պարագայում կարելի է փաստել, որ ամեն դեպքում, եթե եղել են ընթացակարգային խախտումներ, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»:

ԿԸՀ-ից վստահեցրին, որ դա խախտում է, պարկը պետք է կնքվի:

Մեզ հետ զրույցում Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, որ թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը օրենքից դուրս մեկնաբանություն է տվել. «Քանի որ պարկը կնքված եւ ստորագրված չէր, չէինք կարող նույնականացնել այդ տեղամասի հետ, այսինքն՝ ինքը անօրինական պարկ էր: Այդ պարկը բացելու իմաստ այլեւս գոյություն չուներ: Այդ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփում չի եղել որպես այդպիսին՝ օրենքով նախատեսված կարգով: Կա տեսագրությունը, այդ տեսագրությունը տրվել է ԿԸՀ-ին, բայց իրենք անտեսել են, բողոքը մերժել են: Հրաժարվել են վարույթ հարուցել եւ 7-րդ տարածքայինի անգործությունը վերացնել, որ կոնկրետ այդ տեղամասի արդյունքները անվավեր ճանաչեն: Իսկ տեսագրությունում հստակ երեւում է, որ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները հանում, լցնում է սեղանին՝ առանց ցույց տալու տալիս է իր կողքի անդամին: Այդպես քվեաթերթիկները իբր թե դասավորում են, առանց հաշվելու թղթի պարկի մեջ են դնում եւ առանց կնքելու, ստորագրելու դնում են պարկի մեջ: Այդ ամեն ինչին ներկա է եղել Օլեգ Գրիգորյանը: Ինքը 7/53-ում է եղել քվեաթերթիկների արդյունքների ամփոփման ժամանակ, ինքը բան չասաց, չէ՞, որ այնտեղ է եղել: Տեսախցիկները քանի որ ձայն չունեն, երեւում է, որ անընդհատ զայրացած զանգում է, ինչ-որ խնդիրներ է կարգավորում: Այդ ամեն ինչը տեղի է ունեցել իր ներկայությամբ»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031