Հայկական արմատներով բրիտանացի երգիծաբան Քեւ Օրքյանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել մերօրյա Հայաստանի մասին: Ինչպես գրում է Armenianweekly-ն, ֆիլմը լույս կտեսնի 2018թ. սկզբին:
««Խոստում» ֆիլմը աշխարհին պատմում է Ցեղասպանության և մեկ դար առաջվա մեր պատմության մասին, և դա մենք երբեք չենք մոռանա, բայց կա մեկ այլ պատմություն պատմելու, և դա այսօրվա Հայաստանին մասին է,- ասել է Քևը:- Ես ցանկանում եմ հանդիսատեսին շրջագայության տանել դեպի մեր անկրկնելի երկիր, որը հազարամյակներ առաջ եղել է Հայկական թագավորության մի մասը: Մենք ունենք այնպիսի դինամիկ մշակույթ, ապշեցուցիչ տեսարաններ, կենդանի գիշերային կյանք և ամենաառատաձեռն և հյուրընկալ ժողովուրդը երկրագնդի վրա, և այդ մասին պետք է խոսել»,- ասել է նա:
Քեւը նշել է, որ աշխարհում ապրում է շուրջ 10 մլն հայ, և նրանից միայն շատ քչերն են Հայաստան այցելել: Հետևաբար ինքը ցանկանում է նաև այդ մարդկանց ծանոթացնել իրենց հայրենիքի հետ՝ նրանց մոտովի ստիպելով շրջել Հայաստանով և պարզել՝ ինչն է հայերին այդքան հայ դարձնում:
«Ինձ ասել են, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող թվով ավելի շատ բժիշկներ ունի, քան ցանկացած այլ երկիր: Մենք մեծ փորձ և լավ կրթություն ունեցող ազգ ենք՝ ծաղկող ՏՏ արդյունաբերությամբ և հայրենիքն ենք աշխարհի ամենապայծառ ուղեղների»,- ասել է նա:
Քեւը պատմել է, որ արդեն զրուցել է մի քանի հայտնի ամերիկահայ արտիստների՝ Սեբուհ Սիմոնյանի, Թամար Կապրիելյանի և Արմենչիկի հետ:
Նախատեսվում է, որ օգոստոսին երգիծաբանը կայցելի Հայաստան՝ ֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ֆիլմի համար անհրաժեշտ բյուջեն կհավաքվի Indiegogo կայքում կազմակերպված հանգանակության միջոցով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ