Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցված հայցադիմումի ճակատագրի մասին դատարանը մոռացե՞լ է

Մայիս 25,2017 14:30

Բավական Խաչատրյանի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանն անցյալ տարվա մարտի 9-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ փորձագետ Սարգիս Հացպանյանի, «Առավոտ» օրաթերթի, «Նյուս.ամ» լրատվական գործակալության եւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի դեմ, պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հերքում տալ, փոխհատուցել վնասը:
Հայցվոր կողմը հայտնել էր, թե փետրվարի 16-ին Սարգիս Հացպանյանը ասուլիս է հրավիրել «Նոյյան տապանում», ապա ուղիղ եթերով ցույց է տվել Բավական Խաչատրյանի լուսանկարը, հրապարակային հայտարարել, թե նա հայտնի է «մամա Ռոզա» անունով, թե այդ կինը հետախուզվում է ՀՀ կողմից, եւ որ աղջիկներ է տանում Թուրքիա աշխատեցնելու:

Ըստ հայցվորի ներկայացուցչի, նշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, զրպարտություն եւ վիրավորանք են:

Հայցադիմումն ընդունվել էր դատավոր Գայանե Մազմանյանի վարույթ, եւ 2016թ. մայիսի 25-ին նշանակվել էր անդրանիկ դատական նախնական նիստը:
Մինչ նիստը, հայցվորի ներկայացուցիչը դատարան էր ուղարկել միջնորդություն, հայցի առարկան փոխելու մասին:

Փաստաբանը հայտնել էր, թե «Նյուս.ամ»-ի հետ բանակցելիս, պարզել է, թե «վիճարկվող հրապարակման հեղինակը ոչ թե «Նյուս.ամ» -ն է, այլ՝ «Նյութ.ամը»:
Հետեւաբար, միջնորդել էր, որ պատասխանողը լինի մեկ տառի փոփոխությամբ պատասխանող ճանաչված «Նյութ.ամը»:

Հունիսի 22-ի դատական նիստին «Առավոտը» հանդես եկավ միջնորդությամբ՝ ներկայացնելով այս գործով Տեղեկատվական վեճերի խորհրդի ապրիլի 8-ի իր կարծիքը:
Խորհուրդը գտել էր, որ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված տեղեկատվության տարածման համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել լրատվամիջոցները, քանի որ նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետով՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած փաստացի տվյալները լրատվական գործակալության …բարեխիղճ վերարտադրություն են եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Իսկ նույն տարվա հուլիսի 11-ից դատարանում կասեցվել է այս գործի վարույթը, քանի որ Ս.Հացպանյանի ներկայացուցիչը հայտնեց եւ դատարանին ներկայացրեց 2016թ. հունիսի 9-ի քրեական գործ հարուցելու մասին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Մ. Մանասյանի որոշումը քրեական գործ հարուցելու մասին: Քաղգործի վարույթը կասեցվել էր:
Ս.Հացպանյանն «Առավոտին» ասել էր, թե հաղորդում է տվել: Ի դեպ, այս նույն գործով հաղորդում էր տվել նաեւ Գ. Ս.-ն: Վերջինս հաղորդման մեջ հայտնել էր, թե տիկին հայցվորը կեղծ խոստումներ տալով՝ Թուրքիա տեղափոխելուց հետո իրեն ենթարկել է աշխատանքային շահագործման, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով փորձել է ենթարկել սեռական շահագործման:

Մեկ տարի է՝ ոչ դատարան են կանչում, ոչ քննչական: Կարո՞ղ է մոռացել են այս գործի մասին ընդհանրապես:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031